Կռահեք, թե ով է այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ՝ կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաև նրան, թե ինչու է իշխանությունը (միամիտ ձևանանք և չասենք՝ ԱԱԾ-ն) որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ՝ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղաքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում:
Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած և ինտերնետում տեղադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ: Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» և նման այլ ելույթները դրա վկայությունն են:
Մյուս կողմից՝ պարզ է, որ մեր փառապանծ չեկիստները (այդ բառը հասկացեք լայն իմաստով) հազար ու մի բան են ձայնագրում և տեսագրում, բայց ոչ բոլորն են հրապարակում: Այս մի նյութը, հավանաբար, նրանց շատ պետք եղավ նախընտրական պայքարում, դրա համար էլ հրապարակվեց: Այդ ակցիայի հեղինակներին թվում է, որ դրանով վարկաբեկվում է ՀԱԿ-ը: Թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ՝ առայժմ դժվար է ասել: Բայց հաշվարկը հիմնված է այն փաստի վրա, որ ՀԱԿ-ի, ինչպես և մեր բոլոր մնացած կուսակցությունների քաղաքականությունը թափանցիկ չէ, այստեղ բացակայում են բաց մրցակցությունն ու հրապարակային բանավեճը: Հակասությունները արհեստականորեն կոծկվում են ու հանդես են գալիս ասեկոսեների, բամբասանքների, ակնարկների տեսքով, ինչից հմտորեն օգտվում է իշխանությունը՝ մենաբանելով այդ հակասություններն ու ակնարկներն այնպես, ինչպես իրեն է հարմար:
Խնդրո առարկա ձայնագրությունն էլ ես ընկալում եմ որպես յուրահատուկ բամբասանք և «անոնիմկա»: Այդ ժանրի «ստեղծագործությունները» պետք է խստորեն դատապարտել: Բայց դրանց ազդեցությունը չեզոքացնելու միայն մի ճանապարհ կա՝ անկեղծությունը: Իսկ դրա համար պետք է մի կողմ թողնել գաղտնիության շղարշը և վերջ տալ «բուզանդական արքունիք» խաղալուն: Ի վերջո՝ խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին չէ, որին, ինչպես հայտնի է, փորձագիտական մակարդակով տիրապետում էին 4 թե 5 հոգի: Նախագահական ընտրությունների հնարավոր չէ գնալ «փորձագիտական մակարդակով», հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների յուրահատկությունները՝ այստեղ պետք է հասարակության լուրջ մոբիլիզացիա: Մեկ տարի մարդկանց համոզել, որ իրենց փրկողը, նյութական բարեկեցություն և արդարություն պարգևողը կլինի Գագիկ Ծառուկյանը և հիմա այդ մարդկանց հիասթափության ֆոնի վրա ոչ մի բան չձեռնարկել, շարունակել ինչ-որ անհասկանալի «գաղտնի բանակցություններ» վարել՝ ես այստեղ որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Եվ այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ Զուրաբյանն է, ոչ Բագրատյանը, ոչ էլ Նիկոլը: Կռահեք, թե ով»: