«Կուզեի տեսնել Անդրանիկ Քոչարյանի դեմքը, երբ ԱԺ-ում նստած լինի Ռոբերտ Քոչարյանը. Վախենամ՝ այդ նույն բառերը չկարողանա ասել». Աննա Գրիգորյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը Սահմանադրական դատարանին ներկայացրած «Հայաստան» դաշինքի դիմումը սոսկ մարդկանց զբաղեցնելու միջոց համարող իշխանության տարբեր ներկայացուցիչներին և նույն կարծիքն արտահայտող այլ ընդդիմադիրներին կոչ արեց հիշել մեկընդմիշտ. եթե իրենք պատրաստ են աչք փակել ընտրակեղծարարության վրա, ապա «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում նույնն անել ու օրինական բոլոր գործիքներով պայքարելու է այդ երևույթի դեմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աննա Գրիգորյանը պարզաբանեց իրենց ընդդիմախոսների համար, որ դաշինքն ընտրակեղծարարության դեմ պայքարում է օրենքներով ընձեռված բոլոր միջոցներով,սակայն, երբ դրանք կսպառեն, կմտածեն նաև փողոցային պայքարի մասին։

«Շարունակելու ենք այս իշխանությունների հեռացման համար մեր պայքարը և Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը վերականգնելու ենք»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ վստահ է, որ իրենց ներկայացած փաստերն այնպիսին են, որ դրանք էական նշանակություն են ունենալու ՍԴ-ի որոշման համար, իսկ այդպիսի որոշում կարող է լինել, օրինակ, մանդատների վերաբաշխումը։

«Մենք դիմել ենք ԿԸՀ, դիմել ենք նաև ՍԴ։ Եթե այս բոլոր գործիքները չօգտագործեինք, մարդկանց հանեինք փողոց, մեզ կասեին, թե՝ ինչո՞ւ եք հրահրում բախումներ, հիմա, երբ իրավական գործիքակազմն ենք օգտագործում, մեզ ասում են, թե՝ ինչո՞ւ մարդկանց չեք հանում փողոց։ Սա անհասկանալի է»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ շեշտելով, որ որպես 8-րդ գումարման խորհրդարան անցած արմատական ընդդիմադիր ուժ՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր իրենց ռազմավարությունն ավելի կդետալիզացնեն, և կհաստակեցվի նաև՝ խորհրդարան գնո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ գնալու դեպքում՝ ովքե՞ր են մանդատներ վերցնողները։

Հարցին՝ արդյոք 2-րդ նախագահ և դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մանդատը կվերցնի՞, նկատի ունենալով նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն կարծիքը՝ եթե 2-րդ նախագահը մանդատը չվերցնի, կդառնա պարզապես թոշակառու, մանդատը նրան պետք է դաշինքը վերահսկողության տակ պահելու համար, Աննա Գրիգորյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած, կուզեի տեսնել Անդրանիկ Քոչարյանի դեմքը այդ նույն բառերն ասելիս, երբ Ռոբերտ Քոչարյանն Ազգային ժողովում նստած լինի. շատ հետաքրքիր տեսարան կլինի. վախենամ՝ նույն բառերը նա չկարողանա ասել»։

Անդրադառալով «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, որ թեև «Հայաստան» դաշինքն իրեն հռչակում է արմատական ընդդիմություն, բայց միևնույն է, ԱԺ մտած նոր ընդդիմադիր ուժերը որևէ իշխանական նախաձեռության վրա չեն կարողանալու ազդեցություն ունենալ, որովհետև ընդդիմությանը տրված լծակները, գործիքները բավարար չեն լինելու, Գրիգորյանը պատասխանեց.

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն էական որակական տարբերություն են ունենալու իրենց կեցվածքում։ Մենք իշխող ուժի հետ տարբեր համաձայնությունների չենք գնալու. Օրինակ, երբ ՍԴ-ի շուրջ տիրող իրավիճակն էր, ես չեմ հիշում ընդդիմության կողմից որևէ արմատական որոշում։ Բացի այդ, մենք փողոցային պայքարը չենք դադարեցնելու, որպեսզի մոբիլիզացնենք նաև այդ ուժը և թույլ չտանք իշխանության կողմից հերթական հակապետական և հակաազգային փաստաթուղթը անցկացնեն կամ որոշումը կայացնեն»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս