Դավիթ Հարությունյանի կապրիզը՝ օրենսդրական նախաձեռնության առիթ
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին զրկեց ձայնի իրավունքից:
Հանձնաժողովը քննարկում էր նոյեմբերի 21-ին ԱԺ 48 պատգամավորների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելու և այն մնացած 83 պատգամավորների կողմից բոյկոտելու հարցը: Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին ձայնի իրավունքից զրկեց, պատճառաբանելով, որ նստաշրջանը բոյկոտած պատգամավորներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է, այսինքն` նա մեղադրյալների ցանկի մեջ է:
Թե որքանով է իրավաչափ մեղադրվող կողմին ձայնի իրավունքից զրկելը, քննարկման այլ թեմա է: Հիմա արդեն պետք է քննարկել Դավիթ Հարությունյանի չուշացած արձագանքը Փաշինյանի այդ որոշմանը: Դավիթ Հարությունյանն օպերատիվ կերպով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է փոխել Էթիկայի հանձնաժողովում ուժերի հարաբերակցությունը:
Էթիկայի հարցերի հանձնաժողովը միակ հանձնաժողովն է, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն ունի իշխանության նկատմամբ. այնտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, ինչի արդյունքում ստացվել է, որ ՀՀԿ-ՕԵԿ դաշինքը փոքրամասնություն է ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ընդդիմադիր և ԲՀԿ այլընտրանքային քառյակի հետ համեմատած:
Եվ ահա Դավիթ Հարությունյանը, որոշելով վրեժ լուծել իրեն ձայնի իրավունքից զրկած հանձնաժողովի նախագահից, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ օրենսդրական փոփոխություն է առաջարկում, ըստ որի` Էթիկայի հանձնաժողովում ուժերի հարաբերակցությունը պետք է փոխվի, և ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը պետք է ունենան երկուական ներկայացուցիչ, ինչ արդյունքում այնտեղ ուժերի հավասարություն կառաջանա:
Քանի որ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին արտահերթ նստաշրջան էր հրավիրված, որի օրակարգում տնտեսական բլոկի օրենսդրական փոփոխություններ էին ներառված, օրինագծի հեղինակները դիմում են կառավարությանը` իրենց հեղինակած նախագիծը և ս ընդգրկել արտահերթի օրակարգ: Երեկ կառավարությունը օպերատիվ կարգով արտահերթ նիստ է հրավիրում և օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկում ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ:
Հետաքրքիրն այն է, որ ինքը` Դավիթ Հարությունյանը, Հայաստանում չէ, և օրենքի նախագիծը ԱԺ ներկայացրեց օրենքի մյուս համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը:
Դժվար է ասել, թե ուր է գնացել և որտեղ է գտնվում Դավիթ Հարությունյանը, բայց պարզ է, որ նա գերադասել է իր դեմքով չներկայանալ խորհրդարանին և անձամբ չարժանանալ ընդդիմադիրների քննադատությանը:
Պարզ է, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է սա համարեին իրենց իրավունքների ոտնահարում և նախապես ընդունված խաղի կանոնների փոփոխություն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ իր այս քայլով մեծամասնությունը ցույց տվեց, թե իրենք որքան ծանր են տանում այն իրավիճակը, երբ հայտնվում են փոքրամասնության մեջ, և պետք է ամեն ինչ անեն, որ երբեք չլինեն փոքրամասնություն: ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը ասում է գրեթե նույնը` մեծամասնությունը չի գնա որև է բարեփոխման, որը կսահմանափակի իր իշխանությունը:
«Կյանքի և եղունգների գնով ոչ մի ռեֆորմի դուք չեք կարող գնալ, եթե դա մի թիզ, մի քառակուսի միլիմետր կորցնել է նշանակում: Ցանկացած ռեֆորմի կգնաք դուք, բացի այն մի փոքր սահմանը, որը կնշանակի` իշխանության մեջ մի փոքր զիջում»,- ասում է Հովհաննիսյանը:
ՀԱԿ խմբակցության նախագահ Լև ոն Զուրաբյանն ասում է, որ իրենց ԱԺ մեծամասնություն համարողները հավաքվում են միայն առավոտները, և նրանց օգտագործում են` որպես կնոպկա սեղմողներ. «Ավելի մեծ փոքրոգություն չի լինում, երբ տեսնում եք, որ պարտվում եք, փոխում եք խաղի կանոնները, որ կարողանաք հաղթել: Մենք գործ ունենք վախեցած իշխանության հետ: …Եթե որոշել եք ոչնչացնել ժողովրդավարության վերջին տարրերը, ոչնչացրեք Էթիկայի հանձնաժողովը»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացնում է այն հապճեպությունը, որով օրինագիծը դրվեց շրջանառության մեջ:
Նա ասում է, որ ժամանակին, երբ քննարկվում էր այնպիսի մի երկրորդական հարց, թե ԱԺ մշտական հանձնաժողովներից որ մեկը երբ պետք է նիստ հրավիրի, իրենց հետ քննարկում էին, թե, ասենք, հարմար է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը նիստ անի երկուշաբթի օրերը, ժամը 16-ին, իսկ այս դեպքում, երբ քննարկվում է շատ ավելի կարև որ հարց, որև է մեկի հետ չի քննարկվել դրա ընդունման նպատակահարմարությունը: Նաիրա Զոհրաբյանը նման հապճեպության պատճառը համարեց այն, որ ինչ-որ մեկի «կապրիզները չեն անցել»:
Պարզ է, որ Զոհրաբյանը նկատի ունի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, և դիմելով ՀՀԿ խմբակցությանը` հայտարարեց, թե նրանք չէ, որ պետք է որոշեն ԲՀԿ-ի տեղը: Առիթն օգտագործելով` Զոհրաբյանը մի քանի խոսք էլ ասաց ընդդիմության մասին, որի ներկայացուցիչներն ԱԺ հայտարարությունների ժամանակ «իրենց են ճղում, բայց ամբողջ օրն իշխանության կուլիսներում են»:
Նա խորհուրդ տվեց հետ կանչել օրինագիծը, քանի որ, եթե մյուս խմբակցությունները որոշեն բոյկոտել այս հանձնաժողովի գործունեությունը, կարող է այնտեղ մնան միայն կոալիցիայի ներկայացուցիչները: Պետք է նկատի ունենալ, որ սա Նաիրա Զոհրաբյանի խիստ անձնական կարծիքն է, և չի բացառվում, որ ԲՀԿ խմբակցությունը և նրա նախագահը որոշեն, որ ԲՀԿ-ն նպատակահարմար է համարում մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, և ոչ մի բոյկոտ էլ չի լինելու, իհարկե, ընդդիմության ներսում առկա պառակտումների և ներազգային թշնամանքի բացառման պատճառաբանությամբ:
Ինչ են ասում այս ամենին ի պատասխան` ՀՀԿ-ականները: Մի բան. իրենք մեծամասնություն են խորհրդարանում, և չեն կարող հանդուրժել, որ Էթիկայի հանձնաժողովում լինեն փոքրամասնություն և ենթարկվեն ընդդիմության կապրիզներին:
Հովիկ Աբրահամյանը, իհարկե, մի փոքր զիջման գնաց. նա հայտարարեց, որ նիստից մեկ ժամ առաջ, այսօր` ժամը 11-ին, իր մոտ հավաքվեն խմբակցությունների ներկայացուցիչները և նախագծի հեղինակի հետ քննարկեն ստեղծված իրավիճակը: Չնայած, եթե ԱԺ նախագահին չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին իրենց տեսակետը, մեծամասնության քվեարկության միջոցով պարտադրելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում:
Ինչպես տեսնում եք` ընդդիմությունը հերոսաբար պայքարում է իշխանության կամայականությունների դեմ, և բացահայտում է նրա հակաժողովրդավարական էությունը: Սա հայ հասարակությանը կարող է վստահության և ապահովության զգացողություն հաղորդել, քանի որ կա այսպիսի ընդդիմություն, որը մինչև վերջ կպայքարի հասարակության իրավունքների ոտնահարման դեմ, կզոհվի խրամատներում, բայց չի նահանջի: