
Իրանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վճռականություն է հայտնել։
Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Փեզեշքիանը նշել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին ուղղված առանձին ուղերձներում՝ մատնանշելով երկու երկրների քաղաքակրթական և մշակութային կապերը։
Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունների հովանու ներքո երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործընթացը կշարունակի ընթանալ ընդհանուր շահերին և ռազմավարական նպատակներին համապատասխան:
Իրանի նախագահն ընդգծել է նաև վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում արձանագրված առաջընթացը՝ վստահություն հայտնելով, որ երկու կողմի պաշտոնատար անձանց հանձնառությունը կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանը:
Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարգավաճմանը, այլև խաղաղությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում: