Այժմ ունենք խորհրդարան, որտեղ Փաշինյանի գլխավորած իշխանությունը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան մինչ այդ. Քաղաքագետ

ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։ Նկատենք, որ մինչ ընտրությունները եղած սոցիոլոգիական և քաղաքագիտական կանխատեսումները հատկապես իշխող ուժի քվեների վերաբերյալ խիստ տարբեր էին. Հիշեցնենք՝ «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչությունը ընտրություններից առաջ ներկայացրել էր հետևյալ պատկերը. «Հայաստան» դաշինք՝ 24,1 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 23,8 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7,4 տոկոս, ԲՀԿ՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս:

Ավելի ուշ GALLUP International Association-ի տնօրեն Արամ Նավասարդյանը նկատել էր, որ հիմնական տարբերությունը եղել է միայն իշխող ուժի ցուցանիշի հետ կապված, ու հենց իշխող ուժը պետք է բացատրի, թե ինչպես են կարողացել «առգրավել այդպիսի բարձր ցուցանիշ»։

Նշենք, որ ընտրություններում առկա բազմաթիվ խախտումների վերաբերյալ բարձրաձայնել են խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: «Հայաստան դաշինքը» նաև հայտարարել է, որ բողոքարկելու է ընտրական գործընթացը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ թե՛ սոցիոլոգները, թե՛ ընդդիմությունը հարցականի տակ են դնում ընտրական գործընթացները, մասնավորապես՝ իշխանության արդյունքների լեգիտիմությունը, և հարցն այդպիսով տեղափոխվում է՝ ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական գնահատականների դաշտ: Անդրադառնալով նոր խորհրդարանին՝ քաղաքագետը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Մենք այժմ ունենք խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան մինչ այդ, որովհետև չունի 2/3, ունի ուղղակի մեծամասնություն և բավականին հզոր ընդդիմություն, որի հետ ամեն օր աշխատելը գլխացավանք է լինելու:

Ընդդիմության համար, կարծում եմ, ամենակարևոր գործոնը լինելու է այն, որ իրենք նոր պետական լծակները և պաշտպանվածությունը, որն իրենց կարգավիճակից բխելով է գալու, համադրեն փողոցի հետ»:

Հարցադրումներին՝ արդյոք այս ընտրությունները կկարողանա՞ն լուծել քաղաքական ճգնաժամը, և ճգնաժամը շարունակվելու դեպքում՝ արդյո՞ք կանխատեսում է նոր արտահերթ ընտրություններ, քաղաքագետը պատասխանեց. «Այս ընտրություններով Հայաստանի և հատկապես իշխանությունների առջև ծառացած մարտահրավերները և պրոբլեմները, որոնք հենց ստիպեցին իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների անցկացմանը, չեն լուծվել, հակառակը՝ ավելի են խորացել, որովհետև ֆորմալ առումով նոր վստահության քվե ստանալուց հետո արդեն, արտաքին խաղացողները, որոնք «զարմանալիորեն» կարծես արտաքին քաղաքական կոնսենսուս էին ձևավորել Նիկոլ Փաշինյանի ընտրության շուրջ, հիմա, ըստ էության, այլևս ժամանակ չեն տալու իշխանությանը տատանվելու համար. միանգամից պահանջելու են, որպեսզի այն, ինչ կա՝ թե՛ նոյեմբերի 9-ի եռակողմ, թե՛ հունվարի 11-ի Մոսկվայի համաձայնագրերով, և թե՛ բազմաթիվ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում, ի կատար ածվեն: Ընդ որում, դրանք բոլորը շատ ծանր պարտավորություններ են»:

Վիգեն Հակոբյանը վստահեցրեց՝ հաշվի առնելով նոր ընդդիմության առկայությունն օրենսդիր մարմնում, առկա խնդիրները բավականին սուր քաղաքական օրակարգեր են ձևավորելու և հանգեցնելու են ճգնաժամերի, որոնց հանգուցալուծումը գուցե տրվեն նոր արտահերթ ընտրություններով. «Այն պատճառները, որոնք բերեցին 2021 թվականի արտահերթ ընտրություններին, դրանք ոչ միայն չեն վերացել և չեն վերանում, այլ նաև նոր պրոբլեմներ են առաջանում՝ ոչ պակաս սուր, որոնք նույնպես կարող են այնպիսի ճգնաժամ ձևավորել, ինչը կարող է բերել նոր արտահերթ ընտրությունների, որի մասին ընդդիմությունը ևս ասել է. համենայն դեպս, Քոչարյանն իր հետընտրական ասուլիսում նշել է»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն այդուհանդերձ խորհրդարանական փոքրամասնություն է՝ օրենսդրորեն ի՞նչ է կարող անել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ընդդիմությունն իր համար այս ամբիոնը փորձելու է օգտագործել՝ որպես քարոզչության, ժողովրդի հետ աշխատելու բավականին հզոր ատյան նախևառաջ. այս ընդդիմությունը վերջնականապես հասկացավ, որ եթե ուզում ես մարզերի հետ էլ աշխատել, ապա այդ մարզերը քեզ պետք է հեռուստատեսությամբ տեսնեն: Դա փաստ է. մարզերում, մանավանդ գյուղերում, քաղաքացիները վարվում են այն տրամաբանությամբ, ինչ տեսնում են իրենց հասանելի հեռուստատեսությամբ, և հաշվի առնելով, որ այդ հեռուստատեսությունը հիմնականում Հանրայինն է, իսկ այն ավանդաբար բոլոր ռեժիմների օրոք իշխանության խոսափողն է, առավելևս՝ հիմա, ապա տեսնել այս ընդդիմությանը Հանրայինով, քարոզչական լուրջ լծակ է:

Երկրորդը՝ մի բան է, եթե խորհրդարանական մեծամասնությունն անցկացնում է օրենք, որը կարող են 50+1-ով անցկացնել, և մեկ այլ բան՝ եթե երկու երրորդ չունեն՝ օրինակ, սահմանադրական փոփոխություն անելու համար (անցյալ գումարման խորհրդարանում իրենք սահմանադրական մի քանի օրենքներ փոխեցին):

Բացի դրանից՝ ուժեղ և հեղինակություն ունեցող ընդդիմությունը խորհրդարանում նաև շատերին զգաստացնում է. կարծում եմ՝ այն վարքագիծը, որ կար նախորդ գումարման խորհրդարանում իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից ընդդիմության որոշ ներկայացուցիչների նկատմամբ, այս խորհդարանում դժվար նման բաների ականատես լինենք»:

Քաղաքագետն այս համատեքստում նկատեց, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը զուտ օրենսդրական մարմին չէ, այլ նախևառաջ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոն, որովհետև այնտեղ ներկայացված են քաղաքական կուսակցությունները:

«Իսկ, ընդհանրապես, եթե քո ռեսուրսը չի հերիքում խորհրդարանի ներսում, այսինքն՝ եթե այդքան մարդ չունես, քաղաքական պայքարի պրակտիկան ցույց է տալիս (և՛ աշխարհի բոլոր երկրներում, և՛ Հայաստանում էլ նման փորձ ունեինք), սովորաբար այդ բացը, այդ պակասությունը լրացնում են փողոցի ճնշմամբ: Ի դեպ, ընդդիմությունն արդեն ասել է, որ չի հրաժարվում փողոցից, բայց նաև պառլամենտական լծակներն է սկսում օգտագործել:

Հետո՝ ո՞վ է իմանում՝ ժամանակի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 71 ներկայացուցիչներն այնքան ամո՞ւր են լինելու. գուցե այն քանակը, որն անհրաժեշտ է 36 ընդդիմադիրներին միանալու համար, կարողանան այնտեղի՞ց պոկել»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս