Բաժիններ՝

«Ով է ապրում տնակումն» ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների հեքիաթներում. սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլն:

«Շունն ու կատուն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» չորրորդ տեղում է: Այս մանկապատանեկան ֆենթըզիում հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելների հերոսները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, մի ոչ այնքան առասպելական էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո հետը կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը…

Հինգերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ Եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ութերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Իններորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Տասներորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, և նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս