Ի՞նչ ստորագրեցին Էրդողանն ու Ալիևը Շուշիում, և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար
Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակն աշխարհակարգային նոր ուրվագծեր է ստանում: Հունիսի 15-ին հայկական Շուշիում ստորագրված Էրդողան-Ալիև հռչակագիրը պաշտոնապես արձանագրեց Թուրքիայի կողմից Ադրբեջանը լիովին կլանելու փաստը:
Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին մեծ շուքով Շուշի մեկնեց պաշտոնական այցով Ադրբեջան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ կնոջ՝ Էմինե Էրդողանի ուղեկցությամբ:
Մինչ այդ Ֆիզուլիում նրանց դիմավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, որտեղից էլ թյուրքական զույգերը միասին մեկնել էին Շուշի: Շուշիում հանդիսավոր ընդունելությունից, ապա՝ քաղաքապետարանի շենքում Ալիև-Էրդողան առանձին և ընդլայնված կազմով բանակցություններից հետո ստորագրեցին թուրք-ադրբեջանական պայմանագիրը կամ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների «Շուշիի հռչակագիրը»:
Կողմերը այն պատմական մեծ նվաճում են համարում, արձանագրում, որ փաստաթուղթը նոր մակարդակի բարձրացրեց թուրք-ադրբեջանական գործընկերային հարաբերությունները: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասաց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը, որն այլևս ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:
«Հռչակագրում կարևորվում է փոխգործակցությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը:
Նա խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»:
Իր հերթին՝ Թուրքիայի նախագահը խոսել է վեցի պլատֆորմի նպատակահարմարությունից:
Ըստ նրա, իրենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան, որը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն է: Էրդողանը հայտնել է, որ մոտ ապագայում Թուրքիան հյուպատոսություն կբացի Շուշիում:
«Թուրան» ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ադրբեջանական տիրույթում քննարկվում է ապագա հեռանկարում Ադրբեջանի և Թուրքիայի միավորման հնարավորությունը, իսկ «Շուշիի հռչակագիրը» համարվում է առաջին քայլն ադրբեջանաթուրքական կոֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ։
Թերևս, ուշագրավ է, որ Հայաստանի նախընտրական ամենաթեժ օրերի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը մի շարք շեշտադրումներ է անում՝ ուղերձներ հղելով հայկական կողմին.
- Ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ՝ Հայաստանն ու ամբողջ աշխարհը, կշահեն Կովկասում խաղաղությունից ու հանդարտությունից,
- Թուրքիայի հետ սահմանի բացումը, անկասկած, դրական նշանակություն կունենա Հայաստանի համար,
- Երևանի և Բաքվի միջև խնդիրների վերացմանը զուգահեռ՝ Թուրքիան որոշակի քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ,
- Թուրքիայի հետ սահմանի բացումն անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար,
- այն երկաթուղով, որը կսկսի գործել «Զանգեզուրյան միջանցքի» շրջանակներում, հայերը հեշտությամբ կկարողանան գնալ Մոսկվա և աշխարհի այլ հատվածներ՝ դուրս գալով այն մեկուսացումից, որում հայտնվել են»։
- չի բացառվում, որ օրերս Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ ռազմաբազաների ստեղծման մասին, և դա կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,
- Անկարան պատրաստ է ձեռնարկել քայլեր Կովկասյան տարածաշրջանում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն Երևանն ու Թբիլիսին դեռ չեն համաձայնել մասնակցել այդ հարթակին, ու եթե Երևանը և Թբիլիսին միանան այդ նախաձեռնությանը, տարածաշրջանը շատ արագ կայունություն կգա:
Տեղեկացնենք նաև, որ Շուշիի հռչակագիրը բավականին ծավալուն փաստաթուղթ է, որին ցանկության դեպքում կարելի է մանրամասնորեն ծանոթանալ համացանցում: Հռչակագրի մի շարք կետեր այս կամ այն ձևով առնչվում են նաև Հայաստանին, սակայն ըստ էության չեն պարունակում որևէ նորություն հայկական կողմի համար, այլ փաթեթավորում են թուրք-ադրբեջանական շահերը տարածաշրջանում: Փորձագետները բավականին հակասական վերլուծություններ են անում տվյալ իրադարձության վերաբերյալ: Ոմանք, որոնք առավելապես արևմտյան կողմնորոշում ունեն, սա համարում են ձևավորվող ռուս-թուրքական աշխարհակարգի դրսևորում, որին կցվել է Ադրբեջանը, և կարող են միանալ տարածաշրջանի մյուս երկրները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, իսկ մյուսները համարում են, որ սա Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության հաստատումն է Հարավային Կովկասում՝ դրա դեպի Հյուսիս տարածման հեռանկարներով, այլ կերպ ասած՝ Մեծ Թուրանի ստեղծման հերթական և սպասելի հանգրվանը:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր հաջողությունները ռեգիոնում ամրագրում է նաև միջոցառումներով, որոնցից մեկն ամիսներ առաջ տեղի ունեցած զորահանդեսն էր, մյուսը՝ Շուշիի հռչակագիրը, որով հերթական անգամ ֆիքսվեց Թուրքիայի դերը պատերազմում, տարածաշրջանում և Ադրբեջանի քաղաքական կյանքում, ինչպես նաև՝ հետագա զարգացումներում:
«Այստեղ կարևոր է նշել, որ Ադրբեջանին նման լուրջ աջակցելու դիմաց Թուրքիան չստացավ այնպիսի ռազմական ներկայություն Հարավային Կովկասում, ինչպիսին Ռուսաստանը, և ինչպիսին կցանկանար Թուրքիան: Թուրքիայի ներկայությունը սահմանափակվում է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում: Եվ Ադրբեջանը տարբեր հանդիսավոր առիթների միջոցով փորձում է շեշտել Թուրքիայի դերակատարությունը, իսկ Թուրքիան իր հերթին՝ ընդլայնվելու նպատակներ ունի, եթե պարզ ձևակերպենք»,- ասաց թուրքագետը:
Ըստ նրա, այս իրադարձությունը համեմված էր տարածաշրջանային երկրներին ուղղված թե դիվանագիտական ուղերձներով, թե ուժային էլեմենտների ցուցադրմամբ, ինչպես եղավ հենց զորահանդեսի ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը կարծես վերջին շրջանում առաջին անգամ խոսեց վեցակողմ համագործակցության մասին:
«Սրանով Ադրբեջանն ու Թուրքիան կրկին հիշեցնում են, թե ում շնորհիվ է եղել հաղթանակը, որ սա պանթուրքիստական քաղաքականության շրջանակում է, և այստեղից դուրս է գալիս հայկական հարցը, որը մշտապես խոչընդոտ է եղել թուրանական ծրագրերի իրագործման և խորացման ճանապարհին: Սա ավելի սիմվոլիկ նշանակություն ունի կողմերի և տարածաշրջանի համար, քան առարկայական, քանի որ այն, ինչ ամրագրված է հռչակագրով, վաղուց կա հարաբերություններում: Սա Թուրքիայի քաղաքականության գաղափարական հիմքի արտացոլումն է, կայսերապաշտության լուրջ էլեմենտներով, և սա պանթուրքիստական քաղաքականությունն է, որին Ռուսաստանը համերաշխությամբ է վերաբերվում, թեև Ռուսատսանի համար ևս սպառնալիքներ կան այս ամենում: Պարզապես Էրդողանը հմուտ քաղաքական գործիչ է և կարողանում է պայմանավորվել այն տերությունների հետ, որոնց զիջում է իր ռազմաքաղաքական ուժով: Տարածաշրջանում զարգացման տրամաբանությունն առաջիկայի համար լինելու է այս շրջանակում կարծես, եթե Արևմուտքն այլ անակնկալներ չմատուցի»,- ասաց վերլուծաբանը: