Օտարերկրյա ներդրումների նախընտրական խոստումներ

Մեր մամուլում արտահերթ ընտրությունների գնացող կուսակցությունների ու դաշինքների ծրագրերի ներկայացում ու վերլուծություններ համարյա չկան: Խոսքը թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին է: Պատճառը երկակի է:

Մեր քաղաքական ավանդույթն ավելի շատ դեպի անձերն է կողմնորոշվում, քան նրանց ծրագրերը: Մյուս կողմից էլ՝ ընտություններն արտահերթ են: Այսինքն՝ հապճեպ ու արտակարգ իրավիճակում քաղաքական ուժ ներկայացող կազմակերպություններից շատերը ո՛չ բավարար ժամանակ, ո՛չ էլ բավարար ներուժ ունեին ծրագրեր կազմելու: Նախընտրական ծրագրերի «ամենաթույլիկ» մասը տնտեսական հատվածն է: Քաղաքական հատվածը, մեղմ ասած, կարելի է «արտատպել» սեփական կանոնադրությունից, բայց տնտեսական իրականությունը թե՛ աշխարհում, թե՛ մեր երկրում վերջին տարիներին շատ նկատելի և արագ է փոփոխվում: Պատճառն առաջին տասնամյակի վերջին տնտեսական համաշխարհային ճգնաժամն էր, ապա՝ համավարակը:

Մեր պարագային գումարվեց նաև 2018-ի իշխանափոխությունը, տնտեսական հեղափոխության չստացված խոստումները, սոցիալ-տնտեսական ոլորտի նոր կառավարիչների ոչնչով չհիմնավորված հավակնություններն ու անփորձությունը:

Զուտ այս պատճառով իշխանությունների տնտեսական ծրագիրն ամենաանիրատեսական հայտարարությունների հավաքածու է:

Իշխանությունները մի կողմից՝ խոսում են չկոռումպացված տնտեսությունից (որին իր նաիվ ընտրազանգվածը կարող է հավատալ), իսկ մյուս կողմից՝ շատախոսում են օտարերկրյա անդադար հոսող ներդրումների մասին (սրան արդեն ամենանաիվ ընտրազանգվածը չի հավատում):

Իշխող ուժի տնտեսական ծրագրի օտարերկրյա ներդրումների հատվածի դատարկությունը ոչինչ այդքան լավ չի ցուցանում, որքան սեփական (այսինքն՝ պետական, պաշտոնական) վիճակագրությունը: Իսկ այն արձանագրել է, որ օտարերկրյա ներդրումները մեր երկրում 2019թ. կազմել են 1 մլրդ 504 մլն դոլար:

Դրանց ցուցանիշը 2020-ին գահավիժել է՝ կազմելով 485.5 մլն դոլար: Այս թվերի կողքին պաշտոնական վիճակագրությունն ավելի ճշգրիտ թվեր է հրապարակում: Ուղղակի ներդրումները 2019-ին կազմել են ընդամենը 254.1 մլն դոլար, իսկ անցած տարի՝ 117.3 մլն դոլար:

Այս թվերի ֆոնին իշխանությունների տնտեսական խոստումներն ավելի շուտ կհետաքրքրի բանահյուսության մասնագետներին, քան՝ տնտեսագետներին ու կառավարիչներին:

Ներդրումների մասով նախընտրական ծրագրերում իրատեսական մոտեցում, ցավոք, ունեն միայն քաղաքական լուրջ անցյալ ունեցող ուժերը:

Խոսքը վերաբերում է և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահների հետ առնչվող ուժերին: Առաջին նախագահի (ՀԱԿ) նախընտրական ծրագրում միաժամանակ և հավակնոտ, և իրատեսական հատված կա: Այստեղ կարծում ենք, որ օտարերկրյա ներդրումների խնդիրը կարգավորելու համար առաջնահերթ երկրի անվտանգությանն ու սուվերենությանը սպառնացող խնդիրները պիտի լուծվեն:

Երկրորդ նախագահի «Հայաստան» դաշինքը խոսում է հաջորդ տարվա համար 500 մլն դոլարանոց օտարերկրյա ներդրումների մասին՝ բնականաբար կարևորելով անվտանգության խնդիրները:

Նույնքան իրատեսական է «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական խոստում-ծրագիրը: Իրատեսական տերմինը բոլորովին չի կարելի օգտագործել տնտեսության մասին իշխանությունների ծրագիր-ելույթների պարագային:

Տարօրինակ է, բայց ընդդիմադիր ուժերը խոստումների հարցում ավելի ժուժկալ են ու իրատեսական, քան իշխանությունները:

Նախկինում իշխանությունները սովորաբար ավելի համեստ ծրագրերով էին ներկայանում ընտրություններին: Հիմա երեք տարի անընդմեջ ալան-թալանը կտրել ու բերել՝ բյուջեն լցնելու չիրագործված խոստումների կողքին՝ իշխանությունները նորից «մեղր ու կարագ» են խոստանում: Բոլորին: Անխտիր:

Կաշխատես, չես աշխատի՝ քո գործն է: Իշխանությունը քեզ օլիգարխների դղյակներն ու եկամուտներն է խոստանում: Բայց այս անգամ օլիգարխների հետ համահունչ: Նախընտրական ուժերի տնտեսական խոստումների մեջ ամենանկատելին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագիրն է:

Այն, կարելի է ասել, ամենահեղափոխականն է և համարյա անհավանական թվացող տարեկան մինչև 10 մլրդ օտարերկրյա ներդրում է խոստանում:

Բայց մեկ պայմանով՝ ուղիղ 180 աստիճանով առաջարկում է փոխել ներկա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը:

Մյուս քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը հասարակական ուշադրության չեն հասցնի արժանանալ:
Նախընտրական սեղմ ժամկետը թույլ չի տա: Տնտեսական հեղափոխություն խոստացած իշխանությունները երեք տարի գնում էին տնտեսական ինքնահոս գործընթացների հետևից: Գնում էին՝ չմոռանալով պարբերաբար մեծ-մեծ խոստումներ տալ, հատկապես՝ ներդրումների ու ֆինանսատնտեսական այլ բարիքների խոստումներ:

Տեսանյութեր

Լրահոս