Ճակատագրի հեգնանքն ու անեծքը
Երբ մոտ երկու շաբաթ առաջ «Ժամանակի էություն» անվանումով սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում` խոստանալով ստեղծել ԽՍՀՄ 2, շատերը դրան վերաբերվեցին ծիծաղով ու քամահրանքով:
Բայց Ռոբերտ Ահարոնյանը կարող է հանգիստ շնչով այլևս չառաջադրվել, եթե ուզում էր առաջադրվել՝ ոչ թե նախագահ դառնալու, այլ ԽՍՀՄ-ը վերականգնելու նվիրական երազն իրագործելու համար: Առանց սոցիալիստական շարժման էլ՝ Հայաստանը սլանում է դեպի ԽՍՀՄ: Խոսքը Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու մասին չէ, որը տվյալ դեպքում՝ հարցի ավելի շատ ֆորմալ կողմն է: Խոսքն այն մասին է, որ ձևի մեջ դառնալով «ավելի ժողովրդավարական», Հայաստանը բովանդակությամբ բռնել է դեպի խորհրդային ճահճացում տանող անդարձ ճանապարհը:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, հիշեցնում է խորհրդային ժամանակները: Ընտրություններին մասնակցելու է գործող իշխանության թեկնածուն` առանց իրական մրցակիցների: Այսօրվա և խորհրդային ժամանակաշրջանի տարբերությունը միայն այն է, որ այսօր մրցակցությունը բացառվել է ոչ թե ստիպողաբար, այլ պարզապես քաղաքական դաշտն այնքան է անապատացել, որ չկա որևէ իրական մրցակից թեկնածու: Հայաստանը կարծես անիծված երկիր լինի այդ առումով:
Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական պետության քաղաքացիներն իրականում այսօր զրկված են ընտրության հնարավորությունից: Անիծված է, որովհետև հինգ տարի երկրի կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով տապալած, սոցիալական ու տնտեսական կոլապսի, աղքատության մակարդակը՝ 35 տոկոսի, արտագաղթը խայտառակ ծավալների հասցրած իշխանությունն այսօր առանց ամաչելու հայտարարում է, որ իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը, ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար: Բայց դժբախտությունը ոչ թե ՀՀԿ-ականների ցինիզմն է, այլ այն, որ նրանք արձանագրում են իրականությունը: Իրականություն, որում ժամանակն ու քաղաքակրթությունը կարծես կանգ են առել: Ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում:
Վաղը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այն լինելու է նույնքան «հզոր», որքան Կոմկուսի համագումարները՝ ԽՍՀՄ-ի ժամանակ. բեմում՝ կուսակցական անփոխարինելի ղեկավարները, դահլիճում՝ կուսակցության միջին մակարդակի չինովնիկներն ու «շարքային պրոլետարները», ներեցեք` հանրապետականները: Նրանք ներկայացնելու են «հաշվետու զեկույցներ», ինչպես սոցիալիստական աշխատանքի հերոս կթվորուհի դեպուտատներն էին ներկայացնում իրենց շրջսովետի «ձեռքբերումները»: Հնչելու են բուռն ու հոտընկայս ծափահարություններ, որոնց ներքո Սերժ Սարգսյանը հռչակվելու է՝ որպես անփոխարինելի առաջնորդ, որին, ժամանակակից տերմինաբանությամբ՝ անվանում ենք նախագահի թեկնածու: Ճակատագրի հեգնանքով՝ դա տեղի է ունենալու մի կուսակցության համագումարում, որը ստեղծվել է Խորհրդային Միության դեմ պայքարող Ազգային միացյալ շարժման հիմքի վրա: Կուսակցություն, որի հիմնադիրներից ու նախկին ղեկավարներից շատերը խորհրդային ռեժիմի այլախոհներ էին, իսկ ներկայումս ղեկավարում են կոմունիստական կուսակցության նախկին անդամներ: