«Ադրբեջանցիները պոստեր են սարքում, բայց գյուղ իջնել չկա»․ Վերին Շորժայի գյուղապետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ ահազանգեր են եղել, թե ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում, ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին:
«Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ»։
Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը՝ ասաց․
«Նման դեպք չկա․․․ բայց ադրբեջանցիներն այդ հատվածներում աշխատանքներ են կատարում, իրենց պոստերն են սարքում, ինչեր են անում, բայց ներքև իջնել չկա։ Ճանապարհ են սարքում, պոստից պոստ ճանապարհ են գցում, աշխատանքներ են կատարում»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Ավելի ուշ՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, ինժեներական աշխատանքներ էին կատարում։
Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը: