Բաժիններ՝

«Ո՞նց կարելի է մարդու ջերմությունն ու ճնշումը չափել և պատվաստել, ես այդ մոտեցմանը դեմ եմ»․ Լամարա Մանուկյանը՝ փողոցում COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին

Մայիսի 13–ից Երևանում գործում են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային խմբեր։ Դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև 2 խոշոր առևտրի կենտրոնների տարածքում։ Շարժական պատվաստումային խմբեր գործում են նաև Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում։

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, շարժական պատվաստումային խմբերը համալրված են բրիտանաշվեդական «AstraZeneca», չինական «Կորոնավակ» և ռուսական «Sputnik-V» պատվաստանյութերով․

««AstraZeneca»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»։

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ մայիսի 30-ի դրությամբ կատարվել է 33529 պատվաստում։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատվաստումներին՝ ասաց, որ մարդիկ պատվաստումից հետո 15-30 րոպե պետք է գտնվեն բժիշկների հսկողության տակ, իսկ դրսում պատվաստվելու դեպքում հարց է, արդյո՞ք դա ապահովվում է։ Համաճարակաբանը հատուկ ընդգծեց՝ պատվաստվելու նպատակը հատուկ խմբերին պաշտպանելն է, իսկ քաղաքի կենտրոնական հատվածներում շարժական պատվաստումային խմբեր տեղակայելն այնքան էլ խնդիրը չի լուծում․

«Արդյո՞ ք տարիքով մարդիկ, ինչ-որ մոլերի բակերում կամ Հյուսիսային պողոտայում շրջում են և միամիտ կարող են գան ձեռքի հետ պատվաստվեն։ Այդ մարդկանց պետք է նպատակային գնալ պատվաստել, նրանց կյանքը պետք է  նպատակային փրկել․․․»։

Դիտարկմանը, որ այդ խմբերին հրավիրում են պոլիկլինիկաներ, համաճարակաբանն ասաց․

«Եթե այդ մարդիկ պոլիկլինիկա չեն գալիս, ուրեմն այդ ծրագիրն ինչ-որ ձևով սխալ է աշխատում, նպատակն այդ մարդկանց կյանքը փրկելն է ուրեմն այդ մարդկանց կյանքը փրկելու համար պետք է համապատասխան ծրագիրը մշակվի։ Կգնահատվի՝ ինչո՞ւ այս մարդիկ չեն գալիս, ի՞նչն է պատճառը, խոչընդոտը, բոլոր խոչընդոտները հաղթահարելով՝ պետք է գնալ և այդ մարդկանց պատվաստել, իսկ եթե դու քո առաջ նպատակ ես դրել 20.000 մարդ պատվաստելու, ուրեմն կգնաս Օպերայի բակում կսկսես պատվաստել բոլոր անցորդներին, կեսը՝ տուրիստ, կեսը՝ երիտասարդներ կպատվաստվեն, նպատակին չես հասնի, բայց 20.000 մարդ կպատվաստես։ Ամենակարևորն այն է, թե ում ենք այսօր պատվաստում»։

Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բաց տարածքում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային խմբերի տեղակայումը որպես միջոցառում պատվաստումները հրատապ կազմակերպելու համաշխարհային ընդունված ձև է, և, օրինակ, ԱՄՆ-ում բենզալցակայանների մոտ էլ կան նման կետեր, բայց ինքը դեմ է ցանկացած ներարկման, որը կատարվում  է բուժհաստատությունից դուրս, հատկապես փողոցում․

«Տանը դեռ ինչ-որ մի տեղ ասես՝ հա։ Մարդիկ կարճաթևով են, թևից սրսկվեց, ու այդ բաց վերքը գնաց, այդ բաց վերքը, ծակած տեղը բաց գնաց, այդ ծակած տեղը դեռ համարվում է կետային վերք և կարող է ինֆեկցիա ընդունել։ Երկրորդ կարևոր բանը ինձ համար, ինչո՞ւ պետք է բոլորը տեսնեն պատվաստվող մարդուն։ Ես հիմա ֆեյսբուքյան էջերում տեսնում եմ, որ դիմացի սրճարանից նստած նկարում են այդ պրոցեսը, որը ծաղրում է, որը՝ հակառակը․ Դա մարդու անձնական բժշկական տվյալներն են, ոնց որ մենք քարտը բացենք, մեկին տանք, ասենք՝ կարդա, ինչ հիվանդություն ունի, մենք բացահայտ ցույց ենք տալիս․․․ Ես հասկանում եմ, որ երկրի պաշտոնյաները, օրինակ, ցույց են տալիս, որ գնացին, պատվաստվեցին, բայց դա ուրիշ է․ ես որ պատվաստվեմ, չեմ ուզի, որ ինչ-որ մեկը տեսնի այդ պրոցեսի ժամանակ։

Մենք միանշանակ գիտենք, որ բոլոր պատվաստանյութերն ունեն թրոմբոէմբոլիկ բարդություն։ Համեմատության կարգով ասեմ, որ COVID-19 հիվանդության հետևանքով առաջացած թրոմբոէմբոլիկ բարդությունը կազմում է 39-40 տոկոս, իսկ պատվաստումից հետո՝ 8 տոկոս։ Այսինքն՝ միանշանակ մենք ընտրում ենք պատվաստումը․․․»։

Լամարա Մանուկյանը հատուկ ընդգծեց, որ դեռ չունենք պատվաստումների հեռահար բարդությունների մասին տեղեկություն, և, որ պատվաստումից առաջ պարտադիր պետք է գնահատվեն մարդու ռիսկային գործոնները․

«Ո՞նց կարելի է մարդու ջերմությունը և ճնշումը չափել ու պատվաստել: Ես այդ մոտեցմանը դեմ եմ․․․ Պատվաստումից հետո չգիտենք, չէ՞, թե 6-7 ամիս հետո ինչ կլինի։ Ո՞նց կարելի է չգնահատենք պատվաստվող մարդու ռիսկային գործոնները։ Մենք պետք է բոլոր մարդկանց ռիսկային բարդությունները գնահատենք, եթե, օրինակ, 50 տոկոսից բարձր է թրոմբոէմբոլիկ ռիսկը, ապա այդ մարդը չպետք է պատվաստվի, որովհետև ստացվում է 50-50, կամ պետք է վարակվի՝ թրոմբը թռնի, կամ պետք է պատվաստվի՝ թրոմբը թռնի, ավելի լավ է՝ չանի ոչ մի բան»։

Ամփոփելով խոսքը՝ Մանուկյանն ասաց՝ պետք է հասկանանք, որ պատվաստումը չի կանխարգելում մեր վարակելիությունը, մենք էլի կարող ենք վարակվել, պատվաստումն ուղղակի կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս