«Փաշինյանը Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին»․ Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների առնչությամբ։
«Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»:
Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.
Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը:
Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:
Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին:
Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին:
Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»: