«Բան ունես ասելու, ասա երկրի ներսում»
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ ԲՀԿ առաջնորդը կարող է առաջադրվելուց առաջ խորհրդակցել անգամ իր հնարավոր մրցակցի՝ Սերժ Սարգսյանի հետ։
«Անվտանգության խորհրդի անդամ է, խորհրդարանական ուժերից իր թվաքանակով համար երկրորդ ուժն է»,- «Ա1+»-ին ասել է նա։
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու որոշումն ուշացնում է նաև Բրյուսել կատարած այցի թողած հասարակական արձագանքը, «թե սեփական նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը որոշում են Բրյուսելում, ոչ թե երկրում՝ խորհրդակցելով սեփական ընտրողների հետ»։
«Բացի դրանից՝ ինչո՞ւ է Ծառուկյանը ԱԺ ամբիոնը թողած՝ իշխանություններին քննադատում Բրյուսելում՝ եվրոպացի պաշտոնյաների առաջ»,- տարակուսում է Հովհաննիսյանը։
«Բան ունես ասելու, ասա երկրի ներսում»,- ասել է քաղաքագետը նա։
Ամեն դեպքում քաղաքագետը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար միանգամայն ընդունելի և հարմար թեկնածու է։ Նա բնավորությամբ հեղափոխական չէ, կոմպրոմիսային է, բացի դրանից՝ Սարգսյանը Ծառուկյանի հետ շփվելու և նույնիսկ նրան ուղղորդելու մեծ փորձ ունի։
Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ըստ կայքի` գտնում է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ պատասխանատվություն է ստանձնել հասարակության և պետականության առաջ, և ընկրկելու իրավունք չունի. «Քայլը պետք է արվի՝ Հայաստանը չթողնի առանց մրցակցային գործընթացի»։
Տվյալ պարագայում, ըստ քաղաքագետի, քաղաքական գործընթացն ավելի կարևոր է, քան գործընթացի արդյունքը։ Իսկ իշխանափոխությունն, ըստ նրա, ընդամենը ժամանակի խնդիր է. «Էս անգամ եթե չէ, հաջորդ անգամ հաղթանակը միանշանակ լինելու է։ Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը խելագարվել է՝ քվեարկելու համար Հանրապետական կուսակցությանը»։



