Ստեփանակերտում գտնվող ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քննարկվում է մեր գերեվարված զինծառայողներին վերադարձնելու հարցը. գեներալ-մայոր Ասրյան

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 27-ի վաղ առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար, և գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի:

Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ յուրային և իրենց ուժերի հետքաշման համար: Հայկական կողմն էլ ներկայացրել է պայման, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումը հետ կքաշենք, եթե վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին:

«Մեկ ժամ էինք տվել հակառակորդին, որից հետո մեզ հետ կապ են հաստատել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում էին Ստեփանակերտում, և ներկայացրել են, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդակցություն է անցկացնում, և քննարկվում է մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը, դրա համար համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց Էդվարդ Ասրյանը՝ հավելելով, որ հակառակորդի՝ մեր պայմանները չկատարելու դեպքում մշակվում են համապատասխան պլաններ:

Տեսանյութեր

Լրահոս