ՀԱԿ-ը պաշտպանելու է Ծառուկյանի թեկնածությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀԱԿ հարաբերությունները մտնում են
վճռորոշ փուլ:
Հիմա ԲՀԿ-ականներն ու ՀԱԿ անդամները չեն կարող բանակցությունների օրակարգ հստակեցնել կամ շաղակրատել խորհրդարանական հանրապետության կամ 100 տոկոս համամասնական ընտրակարգի օգտակարության, կառավարման նախագահական համակարգի վտանգավորության մասին: Նրանք այժմ պետք է որոշեն, թե իրենցից ով է թեկնածու առաջադրում, իսկ ով` պաշտպանում, ով է արժանավորը, իսկ ով անարժանը` նախագահի թեկնածու լինելու իմաստով:
ԲՀԿ-ականները համոզված են, որ այդ հարցը վաղուց լուծված է, քանի որ ՀԱԿ-ի որոշումներ ընդունելու ունակ անդամներն իրենց հստակ երաշխիքներ են տվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, և այդ դեպքում իրենք պաշտպանելու են ԲՀԿ առաջադրած թեկնածուին, առաջնային համարելով ռեժիմի դեմ ուժերը համախմբելու հրամայականը: Նրանք, ովքեր չեն գիտակցի այդ հրամայականի կարևորությունը, կհայտարարվեն ռեժիմի սպասարկուներ, իշխանության գործակալներ, որոնց նպատակն ընդդիմադիր դաշինքի քայքայումը և միասնական հակասերժական ճակատի չկայանալն է: Որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ընդամենը պետք է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի առաջադրվելու մասին, և քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը առանց Ծառուկյանի աջակցության` չի առաջադրվի, հարցը կհամարվի փակված:
ԲՀԿ-ում համարում են, որ Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկընտրանքը ծիծաղելի է թեկուզ այն իմաստով, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ռեսուրսներն ուղղակի անհամեմատելի են: Ծառուկյանն ունի ֆինանսական, մարդկային և քարոզչական անհամեմատ մեծ հնարավորություններ, նաև 36 հոգանոց խորհրդարանական խմբակցություն, որը խորհրդարանական ընտրություններում ստացած 450 հազար քվեի արդյունքն է:
Թեև կոալիցիայից դուրս գալով` ԲՀԿ-ն հանձնեց նախարարական պորտֆելները և մարզպետների պաշտոնները, բայց ձեռք բերեց մի քանի քաղաքապետի պաշտոն, այդ թվում` հանրապետության երկրորդ քաղաքինը, իսկ դա հսկայական ադմինիստրատիվ ռեսուրս է, որը պակաս կարևոր դեր չի խաղում ընտրություններում: Այդ ռեսուրսը որևէ կերպ ՀԱԿ-ի թեկնածուի համար չի կարող օգտագործվել, որովհետև, ինչպես ցույց տվեցին Գյումրիի թիվ 36 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի ընտրությունները, ԲՀԿ-ական քաղաքապետը նախընտրեց պաշտպանել ՀՀԿ թեկնածուին, և ոչ թե ՀԱԿ ներկայացուցչին: Իսկ նախագահական ընտրությունների դեպքում, եթե նախագահի թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, Բալասանյանը կպաշտպանի իր կուսակցության ղեկավարին: Ծառուկյանը իր բրյուսելյան այցով ցույց տվեց, որ ինքը նաև լավ ընդունելության է արժանանում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր առանց ամաչելու և կարմրելու` լուսանկարվում են իր հետ, և քննարկում ներհայաստանյան և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր:
ԲՀԿ-ի հետ համեմատած` ՀԱԿ հնարավորություններն ուղղակի չնչին են. խորհրդարանական 7 հոգանոց մասնատված և իրար նկատմամբ թշնամանքով լցված խմբակցություն, թույլ և բարոյալքված տարածքային կառույցներ, մի քանի սահմանափակ լսարանով քարոզչամիջոցներ, որոնց մի մասն արդեն վաղուց աշխատում է Ծառուկյանի համար: ՀԱԿ-ի միակ արժեքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում նրանց ունեցած տեղերն են, որը ԲՀԿ-ն պետք է օգտագործի ընտրությունների ընթացքը վերահսկելու և ընտրակեղծարարության դեմ պայքարելու համար:
Չնայած նման մեծ տարբերությանը` ՀԱԿ-ում կարծես թե բոլորը չէ, որ պատրաստվում են հեշտ հանձնվել ԲՀԿ-ին: Մասնավորապես` ՀԱԿ-ում կան գործիչներ, ովքեր համոզված են, որ քանի դեռ ամեն ինչ վերջնականապես որոշված և հայտարարված չէ, պետք է փորձել համոզել Ծառուկյանին, որ նա չառաջադրվի և պաշտպանի իրենց թեկնածուին: Դրա համար պետք է Ծառուկյանին հիշեցնել, որ նա օլիգարխ է, ունի քրեական անցյալ, չունի որակյալ կրթություն և նախագահին անհրաժեշտ գիտելիքներ, չունի միջազգային ճանաչում և օտարերկրյա պետական գործիչների հետ շփվելու, բանակցելու բավարար փորձ, չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար:
Այլ բան, եթե Ծառուկյանը պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ստացած գիտելիքով և պետական կառավարման փորձով իմաստնացած գործիչ է, ում հետ շփվելն օտարերկրյա պետական գործիչների, պաշտոնյաների և դիվանագետների համար միայն բավականություն է:
Բայց փաստն այն է, որ ՀԱԿ-ի ժամանակներն անցել են, և այն դերը, որը 2008թ.-ին վերապահված էր ՀԱԿ-ին, այժմ տրվել է ԲՀԿ-ին: Եթե 2008-ին այլ ուժեր էին պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա հիմա իրենք են պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Գագիկ Ծառուկյանին: Հնարավոր է, որ ՀԱԿ որոշ անդամներ չհամաձայնեն երկրորդ պլանի դերի հետ, համարելով, որ իրենք արժանի են ավելիին, բայց նրանց ցանկությունից դժվար թե որևէ բան փոխվի:
«168 ԺԱՄ»