Հայաստանում Արևմուտքի գերակա ազդեցություն ունենալու դեպքում օլիգարխիական համակարգը ոչնչանալու է

«Հայաստանում  այսօր կա մի օրակարգ, որը թելադրված է դրսից: Պայմանական ասած` այն կարելի է անվանել «ուլունքի օրակարգ»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինս հիշեցրեց, որ «ուլունքն» այն իրն էր, որն իսպանացի նվաճողները փոխանակում էին տեղաբնիկների հետ` վերցնելով նրանց ոսկին և փոխարենը տալով ուլունք:

«Ուլունքը մի պսպղան, որոշ դեպքերում չխկչխկան մի բան է, որը շատ մեծ արժեք ունի այն մարդկանց մոտ, ովքեր հանկարծ կորցնում են իրական պատկերացումն աշխարհի մասին: Այդ պահից սկսած` մինչև մեր օրերը, մարդկությանն անդադար նեշնչվում է, որ կա ուլունք, որը շատ կարևոր է իրենց համար, և այդ ուլունքը տալիս են` փոխարենը վերցնում այդ երկրի իրական արժեքները»,- նշեց Մանուչարյանը:

Ըստ նրա` այս համատեքստում է բացատրվում Հայաստանում շատ մարդկանց պատկերացումները, որ շատ կարևոր է ունենալ թանկարժեք մեքենա կամ այլ թանկարժեք իրեր, և այդ մարդիկ դրանք ստանալու համար պատրաստ են աճուրդի ներկայացնել երկրի բոլոր արժեքները:

«Հայ մարդը պետք է դուրս գա այդ կեղծ արժեհամակարգի շրջանակից: Սա առաջին և, ըստ էության, միակ հարցն է, որ պետք է լուծվի: Մինչդեռ մեր քաղաքական դաշտն ամբողջությամբ գործում է դրսից թելադրված արժեհամակարգի շրջանակներում, և մինչ այսօր այդ արժեհամակարգից դուրս գալու որևէ առաջարկ որևէ քաղաքական ուժ չի ներկայացրել,- ասաց նա՝ շարունակելով,- Այս իմաստով հատկանշական էր, որ Եվրոպա կատարած այցից հետո «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի վերաբերյալ Եվրոպան ասում է` «շատ հարմար թեկնածու է ընտրություններին» մասնակցելու համար:

Մենք գիտենք ընդհանուր առմամբ Արևմուտքի նպատակադրումը Հայաստանում` ընտրությունների հետ կապված. նրանք պաշտպանում են Սերժ Սարգսյանին: Հետևաբար, եթե Արևմուտքն ասում է`«սա շատ հարմար թեկնածու է», եկեք ինքներս եզրակացություն անենք, թե ի՞նչ տրամաբանության մեջ են նրանք ուզում տեղավորել:

Գործում է երկու տրամաբանություն, երկուսն էլ արտաքին, մեկն Արևմուտքինն է, երկրորդը Ռուսաստանի փորձերն են դիմադրել դրան: Ի՞նչ ձև կընդունի այդ առճակատումը, շատ դժվար է ասել: Առաջ են գալիս երկու հիմնական ուժ, որի մի կողմը Ռուսաստանի կարծեցյալ պաշտպանության տակ է: Ասում եմ կարծեցյալ, որևէ Ռուսաստանը հակված է այդ ուժին որպես գործիք օգտագործել, Ռուսաստանը որևէ վստահելի գործընկեր Հայաստանում չի տեսնում, և դա շատ վատ է»:

Ա.Մանուչարյանի կարծիքով` այս իրավիճակում Արևմուտքի համար ցանկալի զարգացումը 70/20 տոկոս հարաբերությունն է իր օգտին.

«Այդ դեպքում` Արևմուտքը գերակա ազդեցություն է ունենալու Հայաստանում, իսկ օլիգարխիական համակարգը ոչնչանալու է, որովհետև անցնում ենք Արևմուտքի` ավելի առաջատար կողոպուտի համակարգին` բանկա-ֆինանսական: Մենք լինելու ենք քաղաքակիրթ երկրների շարքում, արդեն մեզ թալանելուց շաքարը չեն վաճառելու և կոպեկները վերցնեն, այլ նուրբ ձևով բանկային համակարգը մտնելու է մեր գրպանը, մենք էլ ժպտալով ընդունելու ենք այդ համակարգի բոլոր գործողությունները»:

Ինչ վերաբերում է ռուսական տարբերակին, ըստ Մանուչարյանի, Ռուսաստանը ցանկանում է խաղն ավարտել 55/45 հարաբերության տարբերակով` կրկին գործող նախագահի օգտին:

«Դա հնարավորություն է տալիս հետո փորձել ինչ-ինչ պայմաններ թելադրել: Այստեղ պետք է նշել նաև Հայաստանի նկատառումների մասին, և լավ կլիներ, որպեսզի ձևավորվեր մի ուժ, որն այդ հարաբերությունը, պայմանական ասած, կդարձներ 50-30-20»,- ասաց պարոն Մանուչարյանը` նշելով, որ այս հարաբերությունից 30 տոկոսի հատվածը պետք է ներկայացնի ազգային թևը. «Ինչո՞ւ եմ ես այսպես ներկայացնում, որովհետև մենք տեսել ենք` երբ ազգայինը լինում է 70, մենք ստանում ենք Հոկտեմբերի 27»:

Տեսանյութեր

Լրահոս