Ամեն ինչ հորով-մորով արեցին, անցան կանեփին
Երկնիշ տնտեսական աճի մոլուցքով տառապող էկոնոմիկայի նախարարը հիմա էլ անցել է գյուղատնտեսությանը. կտրուկ աճ է կանխատեսում։
«Գյուղատնտեսությունը Հայաստանում, ի տարբերություն այլ ոլորտների, գրեթե անկում չի արձանագրել, և այս տարի կտրուկ աճ է սպասվում»,- իրեն հարազատ ոճով օրերս հերթական ոչնչով չպատճառաբանված հայտարարությունն արեց էկոնոմիկայի նախարարը։
Ի՞նչ ասել է՝ գյուղատնտեսությունը գրեթե անկում չի արձանագրել։ Անցած տարի էլ մինչ վերջին պահը հայտարարվում էր, որ գյուղատնտեսության ոլորտում աճ ունենք։ Բայց հետո պարզվեց, որ ոչ մի աճ էլ չունենք։ Ընդհակառակը՝ ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ գյուղատնտեսության մեջ ունեցանք անկում և ոչ պակաս փոքր։
Անցած տարի գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։ Այն դեպքում, երբ համավարակի պայմաններում կառավարությունը բավական մեծ ռեսուրսներ էր կենտրոնացրել ոլորտի վրա։ Բացի այդ էլ՝ սահմանների փակ լինելու և տեղաշարժի հետ կապված խնդիրների պատճառով շատերը հարկադրված էին մնալ երկրում ու, աշխատանքի այլ հնարավորություն չունենալով, ստիպված էին զբաղվել գյուղատնտեսությամբ։ Բայց անգամ այդ պայմաններում անկում ունեցանք։
Այս տարվա սկիզբը ևս դրական չէ գյուղատնտեսության ակտիվության առումով։ Առաջին եռամսյակի արդյունքներով՝ արձանագրվել է 1 տոկոս անկում։
Թե ինչի՞ վրա է էկոնոմիկայի նախարարի հույսը, որ ոլորտում կտրուկ աճ է սպասվում, պարզ չէ։
Եղանակային պայմաններն այս տարի, անշուշտ, բարենպաստ են գյուղատնտեսության համար։ Բայց միայն դա բավարար չէ՝ ակնկալել, որ բարձր աճ ենք ունենալու։ Անցած տարվա սկզբին էլ եղանակային պայմանները պակաս բարենպաստ չէին գյուղատնտեսության համար։ Բայց անկում ունեցանք։
Հույսը միայն եղանակային պայմանների վրա դնելով՝ արդյունքի չենք հասնելու։ Գյուղատնտեսությունը շատ ռիսկային ոլորտ է. այս պահին եղանակային պայմանները կարող են նպաստավոր լինել, հաջորդ պահին՝ ոչ։ Դրա վրա անիմաստ է կառուցել ապագա սպասումները։ Պետք է պայմաններ ստեղծել արտադրողականությունը բարձրացնելու և արտադրության ծավալները դրա հաշվին ավելացնելու համար։ Թե չէ, եղանակային պայմանների հույսին մնալով՝ շատ բանի չենք կարող հասնել։
Վերջին տարիներին կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին. ինչ-որ ծրագրեր է իրականացնում, «խելացի անասնագոմեր» է ֆինանսավորում, ջերմոցների կառուցում է խրախուսում, սուբսիդիաներ է տրամադրում, ապահովագրություն է ներդնում, և այլն։ Բայց դրանով հանդերձ, գյուղատնտեսությունը շարունակում է մնալ անկումային։
Դա նշանակում է, որ այդ ծրագրերը չեն աշխատում, արդյունք չեն տալիս։
Ի՞նչ պետք է սպասել մի ծրագրից, որի շրջանակներում 3 տարում ընդամենը 2-3 տասնյակ, այսպես կոչված՝ «խելացի անասնագոմ» է կառուցվել։ Պարզ չէ՞, որ արդյունքներն այսպիսին պիտի լինեն։ Կամ սուբսիդավորում են գյուղատնտեսական վարկերը, պետությունն իր վրա է վերցնում տոկոսների մարումը, մեծ գումարներ է ծախսում՝ իբր թե գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով, հետո պարզվում է, որ այդ գումարները գնացել են բոլորովին այլ տեղ, գյուղատնտեսության մեջ չեն մտել։
Առանց մտածելու՝ վերցրեցին փակեցին Գյուղատնտեսության նախարարությունը ու հիմա կարծում են, թե ինչ-որ կցկտուր միջոցառումներով կարող են գյուղատնտեսություն զարգացնել։ Եթե մի կառույց լավ չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է փակել։
Գյուղատնտեսություն զարգացնելու մասին մտածելուց առաջ, նախ՝ պետք է քայլեր անել արտադրողականության բարձրացման համար։ Ցածր արտադրողականության պատճառով՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը Հայաստանում ձեռնտու չէ։
Օրերս Կոտայքի մարզում կայացած մի խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, որ վարելահողերի կեսից ավելին չեն մշակվում։
«Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Պարզ չէ՞, որ չպիտի մշակվեին։ Իսկ ի՞նչ եք արել, որ մշակվեին։ Եթե նույնիսկ արել եք, ապա վատ եք արել։
Երեք տարի անընդմեջ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվում. 2018թ. ունեցանք 8,5 տոկոս անկում։ 2019թ.՝ նախորդ տարվա 8,5 տոկոսի վրա ևս 3,6 տոկոս անկում։ Անցած տարի կրկին անկում՝ այս անգամ 4 տոկոսի չափով։
Սա՞ է այն արդյունքը, ինչին մինչև հիմա հասել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում։
Հիմա էլ մտածում են գյուղատնտեսական հողերը տեխնիկական կանեփով լցնելու մասին։ Արդեն սկսել են առասպելներ հորինել կանեփի տնտեսական շահավետության վերաբերյալ։
Մնացած մշակաբույսերի զարգացումը հորով-մորով արեցին, անցան կանեփին։
Այսպիսի հեղհեղուկ մոտեցումներով ու դիլետանտությամբ հաստատ գյուղատնտեսություն չենք զարգացնի։ Իշխանություններին թվում է, թե միայն իրականությունից կտրված լավատեսական հայտարարություններ անելով՝ կարող են զարգացումներ ապահովել։ Չեն ուզում հասկանալ, որ մարդիկ իրենց ծրագրերը կառուցում են ոչ թե նման հայտարարությունների, այլ իրողությունների հիման վրա։ Ինչպե՞ս կարելի է գյուղատնտեսության այսօրվա զարգացումների պայմաններում խոսել Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին, երբ բոլորն էլ տեսնում են, որ դա ուղղակի կործանարար է լինելու մեր գյուղատնտեսության համար. մեր գյուղատնտեսությունն իր արտադրողականության մակարդակով բացարձակ անմրցունակ է՝ ինչպես շատ երկրների, այնպես էլ՝ թուրքական գյուղմթերքների նկատմամբ։
Բայց դա չի խանգարում, որպեսզի իշխանությունները շարունակեն մտրակի ու բլիթի իրենց անհեռանկար քաղաքականությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ