Առաջարկվում է ռազմարդյունաբերական համալիրին կից բացել գիտական կենտրոն, տալ ուսանողներին տարկետում. Կառավարությունն առարկել է

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն միտված է լուծելու մեկ կարևոր խնդիր, որն այսօր առկա է զինված ուժերում՝ ռազմարդյունաբերության խթանումը և երկրի գիտական ներուժի օգտագործումը՝ ի շահ բանակի և ռազմարդյունաբերության։

«Նախագծով նախատեսվում է ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծել գործող գիտական կենտրոն, որը ՀՀ բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով բանակի կարիքներից։ Սրա համար նախատեսում ենք նաև տարկետում, այսինքն՝ այն անձինք, ովքեր կընդունվեն բուհի բակալավրիատ ու ի սկզբանե կկնքեն համապատասխան պայմանագիր, ըստ որի կհամաձայնեն, որ հետագայում իրենց ողջ ներուժն օգտագործեն բանակի համար, նրանց կտրվի տարկետման իրավունք, և կսովորեն ռազմարդյունաբերական համալիրին կից կենտրոնում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Ըստ պատգամավորի, նախագծի գործադրմամբ՝ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակել բարձրագույն կրթությունն այնպիսի ձևաչափով, որը մի կողմից՝ կխրախուսի ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից՝ Զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործել համապատասխան գիտական պոտենցիալը:

«Այսպիսով, ներկայացված ծրագրի գործարկումը նպաստելու է ռազմարդյունաբերության զարգացմանը և ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության՝ այլ ոլորտներում ևս իրացմանը: Իսկ ուսանողը հնարավորություն կստանա զինվորական ծառայությունը համատեղել արդյունավետ գիտական գործունեության հետ»,- հավելեց Գևորգ Գորգիսյանը:

Միաժամանակ նա ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության բացասական դիտարկումները, դրանց պատգամավորը հակադարձեց՝ մեջբերելով Կառավարության ներկայացրած օրենքները, հիմնազուրկ համարելով այդ  մոտեցումները։

«Պնդում եմ, որ նախաձեռնությունը հատկապես այսօր, պատերազմից հետո, երբ մենք ականատես եղանք՝ ռազմարդյունաբերությունը և գիտական տեխնոլոգիաներն ինչքան կարևոր են պատերազմում։ Հաջորդ պատերազմն էլ ավելի է հիմնված լինելու գիտական նորարարության վրա, հետևաբար՝ օր առաջ մեր շահերից է բխում նմանատիպ նախաձեռնությունն ընդունելը, սա բխում է միայն ՀՀ անվտանգության շահերից»,- շեշտեց նա։

Քննարկելուց հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս