Բայդենը բացեց տարածաշրջանային առևտրի «դուռը»

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու «ցեղասպանություն» եզրույթի բազմակի կիրառումն ԱՄՆ աշխարհաքաղաքական «մուտքը» կամ դրա փորձն էր հարավկովկասյան տարածաշրջան, որը Հայաստանի համար լի է մի շարք բացասական, դրական, ինչպես նաև՝ անկանխատեսելի աշխարհաքաղաքական հետևանքներով:

Նախ նշենք, որ իրավական հետևանք չունեցող այս քայլն իրականում ճանաչում է ԱՄՆ նախագահի և ԱՄՆ-ի կողմից, որն ԱՄՆ հայ համայնքին, ՀՀ համապատասխան գերատեսչություններին այս ուղղությամբ իրավական հետևանքներ ենթադրող գործընթացներ նախաձեռնելու լայն դաշտ է տալիս: Բացի դրանից, պետք չէ նաև մոռանալ, որ նախագահի մակարդակով ճանաչմանը նախորդել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ճանաչումները 2019 թ․: Այլ հարց է, որ հարկ է քննարկել, թե ինչո՞ւ Բայդենի վարչակարգն այս քայլին դիմեց տարածաշրջանային զարգացումների հենց այս փուլում, և որքանո՞վ էր դա պայմանավորված հայկական գործոնով:

Թուրքիայի արձագանքը

Բայդենի քայլը, այսպես ասած՝ «երկրաշարժի» է ենթարկել Թուրքիայի ներքաղաքական դաշտը: ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք, ներկա ու նախկին քաղաքական գործիչներ շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։ «Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը»,- ասել էր նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ պնդելով, թե այն, վնասներից բացի, որևէ օգուտ չի տալու:

Այս օրերին Էրդողանը քննարկում է ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու, որոշ շրջանակներ՝ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վերանայելու, իսկ ընդդիմությունը՝ ԱՄՆ-ի համար Ինջիռլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու հարցերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ապրիլի 24–ի հետ կապված նամակ էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին, որում, բնականաբար, Էրդողանը չի ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ցավակցական բառեր է հնչեցրել «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի» վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հիշատակել, ինչն Էրդողանն իր նմանատիպ բոլոր նամակներում գրեթե անում է, սակայն այս տարի՝ մի փոքր այլ երանգներով, քանի որ այս ապրիլի 24-ը հաջորդեց Ղարաբաղյան պատերազմին, որում հայկական կողմը պարտվեց Ադրբեջանին:

Էրդողանը նշել է, թե նախկինում տարբեր առիթներով թուրքական կողմը հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի հետ լավ հարևանության։ «Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այդ կոչը նորից բարձրաձայնեցինք։ Նույն կոչը նորից կրկնում եմ»,- գրել է Էրդողանը, որին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասաց, որ հայկական կողմի համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը:

Ճանաչել պատմական փա՞ստը, թե՞ պատժել Էրդողանին

Վերջին տարիներին Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները խզման եզրին են: ԱՄՆ-ում Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց դաշնակիցը: Թուրքական իշխանությունները հույս ունեին, որ իրավիճակը կփոխվի նոր վարչակազմի գալով, բայց այդ սպասումները չիրականացան: Մի շարք փորձագետների պնդմամբ, Էրդողանին սկզբում աջակցում էին, համարում արևմտյան պրոյեկտ, սակայն ժամանակի ընթացքում ԱԶԿ-ն դարձավ ավելի ու ավելի ինքնուրույն՝ տարածաշրջանային հզոր առաջնորդության հավակնություններով: Ամերիկացիներին խիստ զայրացրեց նաև ռուսական С-400 համակարգերի գնումը, որին հաջորդեցին ամերիկյան պատժամիջոցները, ինչը ևս չկանգնեցրեց Էրդողանին:

Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները բարդ են նաև սիրիական ուղղությամբ, որտեղ ԱՄՆ-ն պաշտպանում է քրդերին, որոնց հետ Թուրքիան թույլ քաղաքացիական պատերազմի մեջ է: Իր հերթին՝ Անկարային զայրացրեց Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ու ամերիկյան դեսպանատունը թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը: Եվ, ի վերջո, արցախյան հակամարտության ուղղությամբ ևս այսօր Վաշինգտոնի և Անկարայի դիրքորոշումներն էապես տարբեր են՝ ԱՄՆ-ը ձգտում է վերականգնել Մինսկի խումբը, իսկ Անկարան՝ ոչ, ավելին, Անկարայի համար ավելի հարմարավետ է աշխատել Մոսկվայի հետ, ինչը չի կարող չմտահոգել ԱՄՆ-ին:

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ռեգնում»-ի հոդվածում հղում է կատարում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով ժամանակին հայտարարում էր, թե ԼՂ հակամարտությունը համակարգային է: Քլինթոնը, ըստ Տարասովի, այս հակամարտությունը կարևոր էր համարում հայկական գործոնի ամրապնդման տեսանկյունից `որպես Թուրքիային զսպելու տարր՝ ոչ միայն անդրկովկասյան ուղղությամբ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ Վաշինգտոնը նման քայլով մի քանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակ էր հետապնդում: Առաջինը, նրա կարծիքով, ոչ այնքան հայկական կողմի շահերը՝ պատմական և իրավական, պաշտպանելն էր, այլ Հայկական հարցը տարածաշրջանում արդյունավետորեն օգտագործելը հարմար ձևաչափերով և ուղղություններով, առաջին հերթին՝ Թուրքիայի դեմ:

Մալաշենկոն նաև նշեց, որ Վաշինգտոնը սրանով նոր որակ հաղորդեց հայ-ամերիկյան հարաբերություններին, որը, ըստ որոշ ամերիկյան քաղաքագիտական կենտրոնների, կարևոր է Թուրքիային զսպելու համար, որն ավանդաբար աշխատել է ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանին զսպելու համար: Ըստ նրա, մյուս կարևոր հանգամանքն այն է, որ, ինչպես հարիր է դեմոկրատներին, Բայդենը ցույց տվեց, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների, որն այս հարցի ներքաղաքական գործոնն էր:

«Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումն ամերիկացիներին տարբեր ուղղություններով լավ գործելու հնարավորություն է տալիս, սակայն խոչընդոտում տարածաշրջանում արդեն իսկ ձևավորված իրողությունների ամրապնդմանը: Եվ այստեղ շատ բան է կախված, թե ինչ պատասխան քայլեր կձեռնարկեն Թուրքիայի իշխանությունները: Պատասխաններ կլինեն, ու դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի, որից կարող է տուժել նաև տարածաշրջանը: Այս պահին ակնհայտ է, որ այս քայլով նոր գործընթացների հիմք է դրվել, և տեղում խաղացողները կորոշեն իրադարձությունների հետագա ընթացքը: Վաշինգտոնը ևս կկարողանա այս ֆոնին բանակցել ու ստանալ այն ազդեցությունը, որին ձգտում է, օրինակ՝ գոնե վերականգնել ԵԱՀԿ ՄԽ-ն և վերսկսել համաձայնությամբ աշխատել Թուրքիայի հետ»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս