
Վրաստանը չի պլանավորում չեղարկել Արևմուտքի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացրած օրենքները

Վրաստանի իշխանությունները չեն պլանավորում չեղարկել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենքները։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Լրագրողի այն հարցին, թե իշխանությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի արդյոք նշված օրենքները, Մդինարաձեն պատասխանել է. «Ոչ: Դա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա այնպիսի հարց է, որի շուրջ մեզ հետ եվրաինտեգրման հարցով սակարկել չի կարելի»:
Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին օրենք է ընդունել «Оտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը տարաձայնություններ է առաջացրել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ Արևմուտքում սա համարում են ռուսական օրենք։ Այս օրենքի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել հանրապետության դեմ։
Արդեն սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանն ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք։ Այս օրենքը նույնպես քննադատության առարկա է դարձել է Արևմուտքի կողմից։ Օրենքի հիմնական նպատակն այն հարցերի պարզաբանումն է, որոնք կապված են ամուսնության, անչափահասների որդեգրման և խնամակալության, սեռափոխության համար բժշկական միջամտությունների օգտագործման հետ։ Բացի այդ, մայիսի 17-ը պաշտոնապես հայտարարվել է Ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր։