Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ ողջունել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը
Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը՝ նշելով, որ Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։
Հայտարարության մեջ նշված է. «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է հայոց նկատմամբ 106-ամյա ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։