Բաժիններ՝

Ռումանիոյ հայոց թեմն անցկացրել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ

Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնն է միացրել համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջել են նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն սուրբ նահատակների հիշատակի:

«Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, Ս. Պատարագներ մատուցվեցին և հիաշատակի արարողություններ տեղի ունեցան թեմի մի շարք քաղաքներում, ծաղիկներ խոնարհվեցին Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարերի ու հուշարձանների առջև:

Ապրիլի 25-ին, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքարի առջև կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հոգևորականաց դասը:

Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի պատգամ, որում մասնավորապես ասվում է. «Դժվարին պայմաններ են ստեղծված ամենուր աշխարհում և ողջ մարդկությունն այսօր ապրում է մեկուսացման կամ արտակարգ պայմաններում: Այսօր համաշխարհային մակարդակով պայքար է ընթանում համավարակի դեմ և աշխարհն իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմն առնելու և կյանքի նորմալ պայմանների վերադառնաու համար:

Սակայն այդ ամենը չի խոչընդոտում, որպեսզի այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքը հնչեցնի առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմի նրանց բարեխոսությանը: Ռումինահայ համայնքն ևս իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու իր իրավունքների պաշտպանության: 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Բայց չհաջողեցին: Հայը ոչ միայն շարունակեց ապրել ու արարել, այլ նաև ստեղծեց անկախ պետականություն և մինչ օրս շարունակում է մաքառել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:

Եվ չնայած համավարակային պայմաններին, մեր դարավոր թշնամին, ոսոխը, ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ օգտագործեց պատեհ առիթը 106 տարի առաջ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար: Եվ դա արեց իր այսպես կոչված փոքր եղբոր՝ Ադրբեջանի ձեռքով, որի վառ ապացույցը 2020թ. սեպտեմբերին ադրբեջանա-թուրքական ուժերի լայնածավալ հարձակումն էր Արցախի վրա: 106 տարի անց էլ, Թուրքիան ոչ միայն չի զղջացել և ներողություն չի խնդրել, այլ հակառակը, անթաքույց կերպով շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:

Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ:

Ու թեև այսօր խոսվում է ներման, նոր հարաբերությունների կառուցման, թշնամական մոտեցումների վերանայման մասին, բայց դրանք միմիայն ունայն խոսքեր են, քանզի մենք չենք կարող ներել, եթե հանցանք գործած կողմը ներողություն չի էլ խնդրել: Չենք կարող խոսել նոր հարաբերությունների կառուցման մասին Բաքվում հայ զինվորին ու ժողովրդին նսեմացնող պուրակի ստեղծման ֆոնին, չենք կարող խոսել բարեկամության և երկխոսության մասին, երբ ձեռագիրը չի փոխվել և թշնամին այսօր էլ ամեն բարեպատիհ առիթով ուղղակի գլխատում և մորթում է հայ մարդուն, ինչպես 1915թ.:

Քաղաքակիրթ աշխարհի մի մասը ցավոք այսօր էլ շարունակում է լռել, բայց այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը պատմական անհերքելի և անուրանալի իրողություն է՝ անջնջելի կերպով արձանագրված 20-րդ դարի պատմության տարեգրութեան մեջ և հայ ժողովրդի հիշողության մեջ։ Ո՛չ միայն մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, այլ նաև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու կալվածքներ ոչնչացվեցին և նույնը շարունակվում է նաև այսօր: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ միջազգային օրենքի համաձայն, որն իրագործողները պիտի պատասխանատվության ենթարկվեն:

Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ունի տարածքային ու մարդկային հսկայաան կորուստներ, դարձյալ ավերվում ու պղծվում են հայոց սրբությունները, միևնույն է վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված:

Թուրքիայի ներկայիս իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք շատ հեռահար իմպերիալիստական նպատակներ ունեն և ցանկանում են կյանքի կոչել պանթուրքիստական ծրագիրը, որի իրականացման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է Թուրքիո համար: Վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին ճնշել մեզ: Օգտագործելով Արցախի խնդիրը՝ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հատուցումը և, անշուշտ, Արցախի կարգավիճակի հստակեցումը:

Մենք մեր կոչն ենք ուղղում բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու և ըստ արժանվույն գնահատելու ու դատապարտելու համար:

Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն»:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ռումանիոյ առաջնորդին, Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանին և հավատացյալ ժողովրդին իր ուղերձն էր հղել նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը, որն ընթերցվեց և որում մասնավորապես նշվում է. ,, Ռումին Ուղղափառ Եկեղեցու կողմից Հայ Եկեղեցու հավատացյալների ցավի համար մխիթարանք և համերաշխություն արտահայտող ուղերձ հղելու հրավերը Մեր մտքերն ուղղում է դեպի այն ժամանակաշրջանը, երբ հայ ժողովուրդն անցավ իր հազարամյակի պատմության ամենադժվար փորձություններից մեկը `1915 թ. , և որն այսօր իսկական հիշեցում է մեզ համար: Եթե աշխարհը դասեր քաղեր այդ տարվա նման ողբերգական իրադարձություններից, մենք բոլորս ավելի լավ կհասկանայինք Աստծո պատկերով ստեղծված յուրաքանչյուր մարդու անգին արժեքը (Ծննդոց 1:26), որի արժանապատվությունը պետք է պատշաճ կերպով հարգել: Վստահեցնում ենք ձեզ, որ ռումին ժողովուրդը հավերժ կհիշի այն տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում և, ցավոք, շարունակում է անցնել նաև այսօր: Այս կենդանի հիշողությունը արգասիքն է հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների, հատկապես տեղական մակարդակում, Հայ Եկեղեցու հավատացյալների և Ռումի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների միջև, հայ ժողովրդի և ռումին ժողովրդի միջև: Պատմությունը ցույց է տալիս, որ Մեր ժողովուրդների հարաբերությունները խոր արմատներ ունեն անցյալում և, հետևաբար, կունենան պայծառ հեռանկար ապագա սերունդների համար: Մենք աղոթում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին ՝ խաղաղության և սիրո Տիրոջը, Խաչյալին և հարություն առածին, որպեսզի պահի ու պահպանի Հայ Եկեղեցու բոլոր հոգևորականաց և հավատացելոց և մեծապես օգնական լինի համայն հայ ժողովրդին»:

Այնուհետև տեղի ունեցավ Գառնիկ Ստեփանյանի ,,Մղձավանջային օրեր,, գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: Խոսքով հանդես եկավ գիրքը հայերենից ռումիրեն թարգմանած ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը; Վերջինս ներկայացրեց գիրքը, հեղինակին՝ Գառնիկ Ստեփանյանին, որն իր գրքում ներկայացնում է ջարդերից փրկված և ցեղասպանությունը վերապրած իր իսկ ընտանիքի պատմությունը:

Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Խաչքարի առջև ծաղիկներ խոնարհեցին և Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին համայնքի մանուկներն ու պատանիները՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ նոր սերունդը ևս պահանջատեր է և շարունակելու է պայքարել պատմական արդարության վերականգնման համար:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարեդարձի առիթով ռումինահայոց միության կողմից Առաջնորդանիստ Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին պաստառներ, որոնց միջոցով ոչ միայն տեղի հայությունը, այլ նաև քաղաքի բնակչությունը և անցորդները հնարավորություն ունեին հաղորդակցվելու հայոց պատմության մռայլ և ծանրագույն էջերից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս