Բաժիններ՝

Նոյեմբերի 4-ից սկսվեցին ծանր մարտեր․․. ծառայակից շատ ընկերների հետ զոհվեց նաև Արտյոմ Բալայանը

Ադրբեջանը մշտապես քարոզել է հայատյացություն, ինչը շարունակվում է նաև այսօր։ Հակահայկական հիսթերիայի ալիքն այդ երկրում բարձրացավ դեռևս 1988 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովը Ադրբեջանի ժողովրդական ճակատի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարեց.

«…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։ Ինչպես պարզվեց, Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները հրահրվում էր երկրի իշխանության կողմից։ Այս ամենը ահագնանալով՝ հանգեցրեց Բաքվում հայերի ջարդերի կազմակերպմանն ու իրականացմանը։ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը ներխուժեց հայերի բնակարաններ։ Սկսվեցին ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս էին նետում պատուհաններից, սպանում, բռնաբարում էին կանանց, շատերին ողջակիզում։ Տարբեր տվյալներով՝ Բաքվում սպանվեց 150-300 հայ, իսկ փախստականների թիվը հասավ մոտ 480 000-ի։

«Ես այդ ժամանակ հղի էի։ Բաքվից գնացքով հասանք Գրոզնի, այնտեղից էլ ինքնաթիռով եկանք Հայաստան։ Սկզբում մնացինք բարեկամի տանը։ Հետո մեզ տեղավորեցին Օհանավան գյուղի մանկապարտեզում»,-պատմում է Արտյոմ Բալայանի մայրը՝ Մարինա Շաքարյանը։

Տիկին Մարինան լավ է հիշում իր կյանքի ամենադաժան օրերը։ Միայնակ մեծացրեց որդուն՝ Արտյոմին (ամուսինը մինչ օրս անհետ կորած է համարվում)։ Արտյոմ Բալայանն ավարտեց Օհանավանի դպրոցը, ծառայեց հայկական բանակում, ընտանիք կազմեց, ունեցավ մեկ զավակ՝ Էմիլը։

Տարիներ առաջ ընդունվել էր ծառայության ոստիկանության զորքերում։ 2018 թվականից Տավուշում պարբերաբար մասնակցել է մարտական հերթապահության։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը Արցախի դեմ լայնածավալ հարձակում ձեռնարկեց, Արտյոմը տագնապով գնաց զորամաս, իսկ երկու օր անց մեկնեց Արցախ և ծառայակիցների հետ շուրջ մեկ ամիս մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։

Երկրորդ անգամ Արցախ մեկնեց՝ մասնակցելու Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի 4-ից սկսվեցին ծանր մարտեր: Ոստիկանության զորքերի տղաները Շուշիի մատույցներում հայտնվեցին թշնամու շրջափակման մեջ: Ծառայակից շատ ընկերների հետ զոհվեց նաև Արտյոմ Բալայանը։ Անմահության զինվորներ դարձան հանուն հայրենիքի, հանուն Արցախի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս