Իշխանությունը որոշել է պատժել Բուլգակովին. դատավոր են կարգել Գագիկ Ջհանգիրյանին

168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:

Թեման բավականին զավեշտալի է: 168.am-ի տեղեկություններով՝ վարույթի համար հիմք է հանդիսացել շուրջ 3 շաբաթ առաջ դատավոր Ազարյանի տված հարցազրույցի մի դրվագ:

«Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Այս մար­դիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայ­մաններ և հիմքեր»,- Ալեքսանդր Ազարյանի՝ «Իրավունք»-ին տված հարցազրույցի այս հատվածը Արդարադատության նախարարությունում ըստ էության վիրավորական են համարել:

Ինչպես տեսնում ենք, դատավոր Ազարյանը որևէ անուն չի տվել, և թե ո՞վ է լինելու նրա օպոնենտը ԲԴԽ-ում, հայտնի չէ: Անհասկանալի է, թե ո՞վ է վիրավորվել Ազարյանի այս արտահայտությունից, ո՞վ է իրեն համարել այս հատվածի հասցեատերը:

Ինչևէ, ԲԴԽ-ում հետաքրքիր վարույթ է սպասվում, և ԲԴԽ նախագահի աթոռին վերջապես բազմած Գագիկ Ջհանգիրյանը հաճույքով կնախագահի այդ նիստը, բայց,  թերևս, շատերն այդ օրը կհիշեն Նիկոլ Փաշինյանի և ողջ իշխող թիմի սիրելի «Կարգին հաղորդման» հերթական դրվագը, երբ Իոսիֆ Ստալինի օգնականը վերջինիս ասում է, որ իր աշխատասենյակից դուրս եկած գեներալը նրան «усатый козел» է անվանել, և երբ գեներալին հրավիրում են բացատրություն տալու, ասում է, որ Հիտլերին է նկատի ունեցել:

«Ванька, а ты на кого подумал?»,- օգնականին դիմելով՝ արձագանքում է Ստալինը:

Հիշեցնենք, որ սա դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցված առաջին կարգապահական վարույթը չէ:

2020թ. հունիսի 25-ին ավարտվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ որոշման եզրափակիչ մասը, ըստ որի` արդարադատության նախարարի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժվեց:

Տեսանյութեր

Լրահոս