«Նիկոլ Փաշինյանն իր ադեկվատությունը վաղուց կորցրել է». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը համաձայն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որ Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում։
«Ես հույս ունեմ, որ իշխող խմբակցությունն այնքան խելամտություն կունենա, որ այդ փաթեթը չի բերի, քանի որ, ըստ բոլոր հաշվարկների՝ Փաշինյանը ամսի 23-26-ին պետք է հրաժարական տա, սա կնշանակի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ արդեն վարչապետը հրաժարական է տվել, սա աբսուրդ է։ Հուսով եմ՝ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի, այսինքն՝ այն փոփոխությունը, որը կա, դրանով պետք է գնա ընտրությունների։ Ընտրական պրոցեսը սկսված է, աբսուրդ է Ընտրական օրենսգիրք փոխելը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։
Դիտարկմանը՝ իշխանություններն ընտրվելուց հետո խոստացել էին ընտրական բարեփոխումներ իրականացնել, Գևորգ Գորգիսյանը հակադարձեց՝ այնպես չէ, որ մյուս խոստումները կատարել են, մնացել է ընտրական բարեփոխումները, պարզապես հիմա փորձում են կերած գրանտներն արդարացնել։
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի առնչությամբ պատգամավորն այլ բան չասաց՝ նշելով, որ ժամանակին ինչ պետք էր՝ ասել է։
«Կրկնում եմ՝ հիմա իրենք փորձում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց կերած գրանտները, վերջ»,- հավելեց Գ. Գորգիսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցի ժամանակ արած հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ «Մեղրիի միջանցքի» հարց չի քննարկվում, եթե քննարկվի էլ, ապա Հայաստանն էլ Նախիջևանով միջանցքի հարց առաջ կքաշի Գևորգ Գորգիսյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր ադեկվատությունը վաղուց կորցրել է, չեմ ուզում մեկնաբանել»։
Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և պատերազմի ընթացքում տեղի ունեցածի բոլոր մանրամասները քննելու վերաբերյալ, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ, եթե այդ հանձնաժողովը հիմա ստեղծվի, ապա այն պետք է ղեկավարի իմքայլական Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ հանձնաժողովի 11 անդամներից 7-ն էլ իշխանական խմբակցության պատգամավորներ են։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, և չի դիմելու Սահմանադրական դատարան։