Անբարոյականության շքերթը շարունակվում է. Գագիկ Ջհանգիրյանը` ԲԴԽ նախագահի աթոռին

168.am-ի տեղեկություններով` ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, կասեցվել են ԲԴԽ-ում տեղի ունեցած փակ նիստի ընթացքում։

Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք էր առաջադրվել։

Մեր տեղեկություններով` մեղադրանքը վերաբերում է ամիսներ առաջ իբր դատական իշխանության գործունեությանը միջամտելու նրա փորձին։

Ակնհայտ է, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ, որովհետև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը վերջին ժամանակներում հիրավի, դատական իշխանության անկախության երաշխավորի իր գործառույթներն առավել քան հստակ էր կատարում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդազարյանին առաջարկվել է ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնելու դիմաց կարճել նշված քրեական գործը։ Ըստ էության, առաջարկվել է գործարք, որին Ռուբեն Վարդազարյանը չի գնացել։

Փաստորեն մենք ապրում ենք մի երկրում, երբ գործադիրի աթոռին նստած անձը կարող է կառավարություն կանչել դատավորների ու կոնկրետ քրեական գործեր քննարկել, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ռեստորանում հեռախոսով բարձրաձայն դատավորին կոնկրետ գործով անձին կալանավորելու ցուցումներ տալ, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կարող է միջամտել կոնկրետ քրեական գործի, ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին այցելել տարբեր քննիչների հետ, ու դրանք դատական իշխանության աշխատանքին, արդարադատությանը միջամտություն չհամարվեն, բայց հենց մարդը հրաժարվում է ենթարկվել իրենց, անմիջապես նույն մեղադրանքով վարույթ են սկսում։

Դե ինչ, կարելի է ասել, Գագիկ Ջհանգիրյանի երազանքն իրականացավ. Ռուբեն Վարդազարյանին մեկուսացրեցին, ու հիմա, ինչպես ինքը հայտարարել էր, կարող է դատավորներին բուռը հավաքել։

Իսկ թե կկարողանա՞, թե՞ ոչ, կարող են իրենց վարքագծով հաստատել կամ հերքել միայն դատավորները։

Իսկ ԲԴԽ 5 գիտնական անդամների վարքագծին կանդրադառնանք առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս