Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով քովիդ թեստ է հանձնել, դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղսագրված կաշառքի գործով դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանին նիստին ներկա չէր նիստին, պաշտպանական թիմի անդամ՝ փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը բժշկական ցուցումով այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ կոնտակտավոր անձ է կորոնավիրուսի դրական  թեստով հաստատված երկու քաղաքացիների` այդ թվում՝ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ, վերջինների հետ շփում է ունեցել  մեկ շաբաթ առաջ: Թեստի պատասխանը դեռևս չէր ստացել Ռոբերտ  Քոչարյանը և հենց այդ պատճառով էլ չէր ներկայացել դատական նիստին: Փաստաբանը դատարանին  ներկայացրեց այն փաստաթուղթը, որով Ռոբերտ Քոչարյանը ստացել էր կորոնավիրուսի թեստ հանձնելու բժշկական ցուցումը` հայտնելով, որ եթե դատարանը հարկ համարի, պատրաստ է  ներկայացնել, որ կորոնավիրուսի թեստ հանձնած մերձավոր անձն ով է, սակայն այդ մասին կհայտնի դռնփակ նիստում:

Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ, եթե այսօր հայտնի դառնա, որ Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքը բացասական է, ապա Քոչարյանի ինքնամեկուսացման ժամկետը կլրանա հաջորդ երեքշաբթի ներառյալ, հետևաբար՝ խնդրեց նիստը հետաձգել՝ հաշվի առնելով նաև այդ հանգամանքը: Փաստաբանը պարտավորվեց այսօր Դատարանին տեղեկացնել թեստի արդյունքը: Դատավոր Դանիբեկյանն էլ հայտնեց, որ հնարավոր է, որ  ապրիլի 27-ից լինի ամենամյա արձակուրդում, ու նախնական դատական նիստը նշանակեց մայիսի 4-ին:

Նշենք, ըստ  Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, նա պաշտոնական դիրքն օգտագործելով՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3մլն  ԱՄՆ դոլար կաշառք։

 Արմեն Գևորգյանը, ըստ առաջադրված մեղադրանքի՝  2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Տեսանյութեր

Լրահոս