Հովիկ Աբրահամյանը ներկա-բացակա է արել. մամուլ
«Հնարավոր է, ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան: Խորհրդարանից երեկ հաստատել են մեր տեղեկություններն այն մասին, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Աժ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել Աժ նախագահը, պատասխանել է` դա օրենքի պահանջ է: «Օրենքով մենք ունենք պարտականություն` հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում»,- ասել է Հարությունյանը:
Բայց Աժ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում` մեր թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բայց մեր պարտականությունն է` հանձնել»:
Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Աարտուն Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակը Աժ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել և չեն նշել, թե նպատակը որն է: Գրիգորյանը, սակայն, հիշեցրել է Աժ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն` Աժ նիստերից, հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատավարձ չի վճարվում բացակա օրերի համար»: