Բաժիններ՝

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, հանցագործները պետք է պատժվեն․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղայի բնակչության ցեղասպանության մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ։

«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։

Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:

Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս