ԱՊՀ ազատ առևտրի գոտում հայկական ապրանքից մաքսատուրք չի գանձվելու
2012թ. սեպտեմբերի վերջին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը վավերացրել են ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին:
Պայմանագիրը շատերի մոտ զարմանք առաջացրեց, քանի որ երկրների միջև ազատ առևտուրն ընկած է ԱՊՀ գաղափարախոսության հիմքում և, ըստ էության, գործում էր այդ փաստաթղթից առաջ: Որոշ փորձագետներ որակեցին այդ համաձայնագիրը, որպես «ուղիղ ճանապարհ դեպի մաքսային միություն», ինչը «խաչ կքաշեր» զուգահեռաբար ընթացող Հայաստան–ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ բանակցությունների վրա:
Համաձայնագրի շուրջ Մեդիամաքսին և Banks.am–ին պարզաբանումներ է ներկայացրել ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ծառայությունների վարչության պետ Գագիկ Քոչարյանը:
– Շուրջ մեկուկես ամիս է, ինչ ուժի մեջ է մտել ԱՊՀ 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Ի՞նչ առավելություններ է դա տալիս ՀՀ տնտեսվարողներին այն համատեքստում, որ մինչև այս պայմանագիրը Հայաստանն արդեն ուներ ազատ առևտուր ԱՊՀ երկրների մեծամասնության հետ:
– Ճիշտ եք, մեր և ԱՊՀ երկրների միջև մինչ այդ էլ եղել է ազատ առևտուր, որը կարգավորվում էր երկկողմանի համաձայնագրերով, սակայն չկար այն կարգավորող միասնական փաստաթուղթ, ինչը առաջացնում էր բազմաթիվ անորոշություններ և հակասություններ: Մասնավորապես, չնայած ԱՊՀ երկրներում ծագած ապրանքների մեծամասնության համար պետք է կիրառվեին զրոյական ներմուծման մաքսատուրքեր, որոշ երկրներ, այդուհանդերձ, կիրառում էին մաքսատուրքերին հավասարեցված գանձումներ: Այժմ դա բացառված է:
Հաշվի առնելով, որ ԱՊՀ մի շարք երկրներ դարձել են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, անհրաժեշտություն առաջացավ այնպիսի փաստաթուղթ մշակել, որտեղ ամրագրված կլինեին միջազգային առևտրի մեխանիզմները:
Ներկայումս մենք անցել ենք պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների փուլին, ձևավորվում է ազատ առևտրի գոտու տարածքում վեճերի կարգավորման փորձագիտական հանձնաժողով, որում Հայաստանը ևս մասնակցության հայտ է ներկայացրել:
Այնպես որ, տնտեսվարողների համար առևտուրը ԱՊՀ տարածքում շատ հեշտ ու կանխատեսելի է դառնում:
– Ըստ համաձայնագրի, Հայաստանը մտնում է ազատ առևտրի մեջ ԱՊՀ երկրների հետ՝ մաքսատուրքեր կիրառելով բացառապես ներմուծվող ծխախոտի նկատմամբ: Իսկ հայկական ծագման ո՞ր ապրանքների ներմուծումից են գանձվելու մաքսատուրքեր ԱՊՀ տարածքում:
– Այո, ելնելով մեր տնտեսական շահերից, մենք թողել ենք ծխախոտը բացառությունների շարքում, և Հայաստան ներմուծվող ծխախոտի նկատմամբ մաքսատուրք է կիրառվելու, սակայն հայկական ծագման ապրանքների նկատմամբ 4 երկրից ոչ մեկը որևէ սահմանափակում չի կիրառում:
Բանակցությունների ընթացքում բոլորն ըմբռնումով են մոտեցել մեր խնդիրներին, և որևէ մեկը հայկական ապրանքի դիմաց որևէ սահմանափակում չի դրել՝ ընդունելով հանդերձ սահմանափակումը մեր կողմից:
Օրինակ` Ուկրաինան ներմուծման սահմանափակումներ է կիրառում Մոլդովայի, Ռուսաստանը՝ Ուկրաինայի նկատմամբ, բայց Հայաստանի հանդեպ ԱՊՀ ազատ առևտրի պայմանագրի կողմ հանդիսացող որևէ երկիր ներմուծման ժամանակ մաքսատուրք չի կիրառում՝ անկախ ապրանքի տեսակից:
Պայմանագրի կողմ մի շարք երկներ կիրառում են նաև արտահանման մաքսատուրքեր՝ դրանով թանկացնելով իրենց ապրանքների գինը միջազգային շուկայում: Արտահանման մաքսատուրքն ինքնին չի ողջունվում, բայց այն չի հանդիսանում ԱՀԿ բանակցային առարկա: Պայմանագիրը պարտավորեցնում է կողմերին նրա ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում սկսել բանակցել կիրառվող արտահանման մաքսատուրքերի նվազեցման ուղղությամբ, այնպես որ որոշ երկրների կողմից կիրառվող արտահանման մաքսատուրքերը կնվազեն:
– Թեև ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող մաքսային միության մեջ մտնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ՝ վերջիններիս հետ չունենալով ընդհանուր ցամաքային սահման, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար, ըստ էության, ճանապարհ է դեպի մաքսային միություն:
– Մաքսային միությունը ենթադրում է, որ անդամ երկրների միջև վերանում են մաքսային անցակետերը, և այդ երկրներն այլևս չեն կարող ինքնուրույն վարել իրենց արտաքին առևտրի քաղաքականությունը:
Այսօր մենք բանակցում ենք ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ, որը շատ մեծ արդյունքներ կտա Հայաստանին, ու եթե մենք մտնենք մաքսային միության մեջ, DCFTA-ի մասին կարող ենք մոռանալ:
– Հնարավո՞ր է արդյոք, որ ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանը օտարերկրյա ընկերությունների համար հարմար «պլացդարմ» դառնա (բարենպաստ գործարար միջավայրի առումով)՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի պես խոշոր շուկաների վրա դուրս գալու համար:
– Միանշանակ` այո, և դա մեր կարևորագույն առավելություններից է. արտադրություն հիմնելով Հայաստանում, որտեղ գոտու անդամ 5 երկրից ամենաբարենպաստ բիզնես-միջավայրն է, ձեռնարկությունը կարող է անարգել վաճառել արտադրանքը ԱՊՀ ընդարձակ շուկայում:
Ըստ էության, նախկինում ևս այդպես էր, ուղղակի առկա էին վերոհիշյալ անորոշությունները և հակասությունները, որոնք բարոյական և հաճախ նյութական վնաս էին հասցնում ընկերություններին:
Հայաստանն այսօր բավականին մեծ առաջընթաց ունի Doing Business վարկանիշային ցանկում, Հայաստանում ներդրումներ կատարելը գնալով պարզեցվում է, նվազագույնին է հասցվում վարչարարությունը:
ԱՊՀ հետ ազատ առևտրի գոտու պայմանագրի ազդեցությունը կզգացվի տարիների ընթացքում, երբ տնտեսվարողները կգիտակցեն, որ պաշտպանված են ու ավելի վստահ առևտուր կանեն ԱՊՀ երկրների հետ:
Գագիկ Քոչարյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը