Բաժիններ՝

Իրականում շատ դժվար է գտնել խաղաղություն, երբ շուրջդ քաոսային, անկայուն իրավիճակ է

«Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. 4:7):

Մարդիկ ամենուր, ամեն օր խոսում են խաղաղության մասին:

Շատերը խոսում են դրա կարևորության մասին, մինչդեռ մյուսները՝ թե ինչպես այն կարելի է ձեռք բերել: Իրականում, շատ դժվար է գտնել խաղաղություն, երբ շուրջդ քաոսային, անկայուն իրավիճակ է:

Մեր օրերում բազմաթիվ մարդիկ իրենց ապահովությունն Աստծո մեջ են տեսնում, քանզի մեզ շրջապատող աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է, իսկ Աստված անփոփոխ է: Նա կայուն է ու վստահելի: Աստված ասում է. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս»: Աստված միշտ ներկա է մեր կյանքում, և իմաստություն է Նրան հուսալը: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա կարող է մեզ տալ մտքի խաղաղություն, իսկ մեր սրտերին՝ ապահովության զգացում:

Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք: Մենք սկսում ենք կյանքին նայել Աստծո տեսանկյունից՝ քաջատեղյակ լինելով Նրա հավատարմությանն ու մեզ համար հոգ տանելու պատրաստակամությանը: Եվ ուրեմն՝ անկախ նրանից, թե ինչ է մեզ համար պատրաստել ապագան, մենք կարող ենք մեր հույսն Աստծո վրա դնել: Նա մեր անփոփոխ Ժայռն է: Աստվածաշունչը ընթերցելիս համոզվում ենք, որ չկա իրական խաղաղություն առանց Աստծո: Նա կբնակվի մեր մեջ, եթե միայն փնտրենք Իրեն ու դառնանք դեպի Ինքը:

Աստված միշտ ձեր կողքին կլինի, Նա ձեր ամուր Ժայռը կդառնա՝ անկախ ամեն ինչից և ապագայում սպասվելիք ամեն բանից:

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Տե՛ր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս