Արսենը և Վազգենը լուրջ հայտ ներկայացրեցին Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների համար. Կուրղինյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով 57 կգ և 65 կգ քաշային կարգերում հայ մարզիկները լուրջ հայտ են ներկայացրել Օլիմպիական խաղերի մեդալների համար:
«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում առցանց հանդիպման ընթացքում Կուրղինյանը մասնավորապես շեշտեց. «Մենք Բուդապեշտի վարկանիշայի մրցաշարում մասնակից ունեինք 4 քաշային կարգերում, բայց ուղեգիր նվաճեցինք 57 և 65 կգ քաշերում: Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը շատ լավ հանդես եկան և դարձան մրցաշարի հաղթող: Արսենը և Վազգենը լուրջ հայտ ներկայացրեցին Տոկիոյի ՕԽ-ի մեդալների համար: Մենք ունենք ևս մեկ վարկանիշային մրցաշար մայիսի և դա նշանակում է, որ դեռևս էլի ուղեգրի հնարավորություն ունենք»:
Մարզչի խոսքով` երկու մարզիկներից սպասելիքները մեծ էր մինչ մրցաշարը և նրանց գոտեմարտերը ցույց տվեցին ակնկալվող որակը: «Ինչպես Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն իր անդրադարձում գրել էր, նրանք նոր ծագող աստղեր են իրենց քաշային կարգերում»,-շեշտեց նա:
Մասնագետի կարծիքով՝ նմանատիպ հաջողությանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ հավաքական թիմի հետ սկսել են հոգեբաններ աշխատել: «Եթե մեզ նորից հարցնեն, ապա մենք կցանկանանք, որ հոգեբանները շարունակեն աշխատանքը մեր մարզիկների հետ»,-ասաց նա:
Կուրղինյանը շեշտեց, որ համավարակով և պատերազմով պայմանավորված մարզիկները մեծ դժվարությունների մեջով են անցնել: Անդրադառնալով Հաջիմուրդ Գացալովին գլխավոր մարզիչը փաստեց, որ ըմբիշը վնասվածք ունի, իսկ Լևան Բերյանիձեն հնարավոր է կմասնակցի մայիսին կայանալիք ՕԽ վարկանիշային վերջին մրցաշարին:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ապրիլին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մայիսին Սոֆիայում կայանալիք ՕԽ վարկանիշային մրցաշարին: