Զոհված զինծառայողի հորը Փաշինյանն ամեն ամիս փոխանցում է զոհված որդու արյան գինը. Զոհրաբյան

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական հոդվածն է գրել՝ այս անգամ, ի տարբերություն նախորդների, առաջարկելով ելքեր երկրում ստեղծված իրավիճակից։

«Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,- առաջարկել է առաջին նախագահը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջին նախագահը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել աշխարհում այն բացառությունը, որ հայրենիք հանձնելով՝ անվտանգության երաշխիքներ կարողանա պահպանել։

«Խոսում է Փաշինյանին թեկուզ ժամանակավոր արտերկրում ապաստան տալու մասին, նա վերևում էլ ասում է, որ Նիկոլը հիվանդագին կառչած է իր աթոռից։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը պետք է խուսափի պատասխանատվությունից. նա միակ մեղավորն ու պատասխանատուն է Արցախը հանձնելու, հանձնված Շուշիի և 5000-ից ավելի զոհերի համար։ Հիմա, եթե պետք է լինի նրա համար հումանիտար միջանցք, ապա պետք է լինի՝ մինչև դատարան հասնելը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Փաշինյանին ապաստան տրամադրելու առաջարկն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նա ընդունում է ենթադրյալ հանցանքների հանգամանքը։ Պետք է նաև նշեմ, որ առաջին նախագահը մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել է, պնդել է, որ Նիկոլն իր դիլետանտությամբ Արցախը հանձնեց»,- ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է, իր իսկ բնորոշմամբ, Արցախը հանձնած մարդու կողմից մեկ էլ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին՝ ապա Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ քանի դեռ որևէ կոնկրետ ժամկետ չի նշել Փաշինյանը, ավելին՝ իր թիմի հետ կիրակի օրը հանդիպել խոսել է աշնանն արտահերթ ընտրության գնալու մասին, Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման ընթացքում ասել է այլ բան՝ չի բացառել հունիսին ընտրության գնալու որոշումը, իսկ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ էլ խոսել է կիսանախագահական համակարգի անցնելու մասին, թեև մեկ տարի առաջ այդ համակարգին դեմ էր, ինքը Փաշինյանի ասած որևէ բառի չի հավատում։

«Այնպես որ, ես Փաշինյանի որևէ խոսքի չեմ հավատում, չեմ հավատում։ Նա խաբում է բոլորին և փորձում ժամանակ ձգել, ես իրեն կատեգորիկ չեմ հավատում: Փաշինյանին հաջողվում է շնորհիվ մանիպուլյացիոն կոդերի՝ ժամանակ շահել։ Այն, ինչ նա անում է, ապաքաղաքական է, բայց քանի դեռ հանրության մեջ կա մի փոքր, բայց ագրեսիվ հատված, որը շարունակում է հավատալ Փաշինյանի ստերին, նա շարունակելու է խաբել։ Ընդունում եմ՝ նրան հավատացող այդ հատվածը կա. օրինակ՝ Գյումրիում հանդիպեցի մի մարդու, որի 19-ամյա որդին զոհվել է այս պատերազմում, բայց նա երջանիկ էր. ինչո՞ւ, որովհետև ամեն ամիս Նիկոլը փոխանցում է զոհված զինծառայողի հորը զոհված զինվորի արյան գինը։ Ես կրկնում եմ՝ Նիկոլի ֆենոմենը քննարկել եմ աղանդների հետ աշխատող հոգեբանների հետ. նրանք ևս պնդում են, որ Նիկոլն աշխատում է այնպես, ինչպես սեկտաների հետ են աշխատում, և հենց դրա շնորհիվ էլ կարողանում է մանիպուլյացնել»,- ասաց Զոհրաբյանը՝ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո պաշտոնավարելու ցանկությունը, մանիպուլյացիաներից բացի, պայմանավորելով նաև ընդդիմության ոչ արդյունավետ աշխատանքով։

«Ընդդիմությունը մի քանի լավ հնարավորություն ուներ, բաց թողեց. Օրինակ, պահը բաց թողեց, երբ հրապարակում հավաքված էր 30 հազար մարդ, նրանք չգնացին ավելի ռադիկալ և համակարգված գործողությունների»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ ընդդիմությունն այլևս իր գործողությունների վերաբերյալ վերանայումներ պետք է կատարի։

Հարցին՝ արդյոք վերանայումների կարիք կա՞ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում, և ե՞րբ է կայանալու Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, Զոհրաբյանը նշեց.

«Ծառուկյանն ասել է՝ ուզում է հանդիպում՝ կհանդիպենք, բայց պետք է այդ հանդիպումն ունենա օրակարգ։ Թե ի՞նչ պայմանով է Ծառուկյանը հանդիպելու, չեմ կարող ասել, բայց ԲՀԿ-ի օրակարգը մնում է անփոփոխ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և հանդիպումը լինելու է այդ օրակարգի շրջանակում։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին՝ լինի արտահերթ թե հերթական, որովհետև չեմ կարծում, որ կարելի է դաշտը թողնել Նիկոլին ու Նիկոլի գրպանում գտնվող կուսակցություններին, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ տեղ դավաճանում ես քո ընտրողներին»: Զոհրաբյանը շեշտեց, որ թեև դեռ վաղ է արտահերթ որևէ գործընթացի մասին խոսել, որովհետև չի բացառվում, որ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, սակայն եթե լինի, և գնան, դա չի նշանակի, որ իրենք, որպես «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, շեղվում են այդ շարժման միասնական պահանջից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս