«Իսկ ինչո՞վ է դժվար, չեմ կարծում, թե պրոբլեմներ կան». ԱԱԾ պետի տեղակալը՝ Փաշինյանի հետ աշխատելու մասին
Ազգային անվտանգության պետի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հե՞շտ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ երբեմն նշվում է, որ վերջինս ոչ ադեկվատ հրահանգներ է տալիս ԱԱԾ-ին, պատասխանեց՝ «Իսկ ինչո՞վ է դժվար, չեմ կարծում, թե պրոբլեմներ կան»։
Անդրադառնալով Թեհրանում վայրէջք կատարած առևանգված հայկական ինքնաթիռին՝ ԱԱԾ պետի տեղակալն ասաց, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 221 հոդվածով՝ օդանավի զավթում հատկանիշներով։
«Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի Հայաստան»,- շեշտեց նա։
Հարցին՝ ավելի կարևոր խնդիրներ լուծելու փոխարեն՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն զբաղվում ֆեյքերով կամ այլ մանր հարցերով, օրինակ՝ ինչո՞ւ չեն զբաղվում Սյունիքի անվտանգության հարցերով, ԱԱԾ պետի տեղակալն ասաց, թե այդ հարցով զբաղվում են սահմանապահ զորքերը։
«Չեմ կարծում, որ այս պահին մենք չունենք չլուծվող խնդիրներ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի և ապաստանի արտերկրում, Տիգրան Հարությունյանը նշեց, որ այդ ամենն Առաջին նախագահի կարծիքն է, հետևաբար՝ ԱԱԾ-ն ի՞նչ պետք է անի։
«Ես որևէ մտահոգություն չեմ տեսնում»,- նշեց ԱԱԾ պետի տեղակալը։
Հարցին՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ պատերազմի ժամանակ եղել է դավաճանություն, կարո՞ղ է մանրամասներ հայտնել, ԱԱԾ պետի տեղակալն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, սակայն այդ դեպքով հարուցված է քրեական գործ։