ԵՄ-ն ցույց տվեց Հայաստանի տեղը․ ՀՀ իշխանությունները տապալեցին նաև ՀՀ-ԵՄ՝ ԱլԳ օրակարգը

Նախորդ շաբաթ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը տուր իրականացրեց Արևելյան գործընկերության 3 երկրներով՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդավա՝ դրանով իսկ արտացոլելով ԵՄ վերաբերմունքը ԱլԳ մյուս երեք երկրների և նրանց եվրոպական հեռանկարի վերաբերյալ։ Եվրոպական հեռանկար ասելով՝ այս դեպքում նկատի ունենք միայն զարգացումը և ԵՄ չափանիշերի ներդրումը, վիզային դյուրացված ռեժիմը և մի շարք արտոնություններ, քանի որ անդամակցության հեռանկար ԵՄ-ն չի տրամադրում, իսկ այս երեք երկրները նման հավակնություններ չունեն։

Եվրոպացի մի շարք վերլուծաբանների խոսքով՝ այցերի նման աշխարհագրությամբ ԵՄ-ն մատնանշեց, թե ԱլԳ ծրագիրն ինչ տեսք ունի և որ երկրների հետ է ինտենսիվ աշխատելու ապագայում։

«Եվրոպան ակտիվորեն կգործի՝ իր արժեքներն առաջ մղելու Վրաստանում, Մոլդավայում և Ուկրաինայում»,- հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի պատվաստանյութերի ծրագրի մասին հատուկ նամակում` կրկին չհիշատակելով Արևելյան գործընկերության ծրագրի մյուս երեք անդամներին՝ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։

Ի տարբերություն վերջին երկու երկրների՝ պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ենթադրում է քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Այստեղ հարկ է հիշեցնել, որ մարտի 1-ին Հայաստանում ուժի մեջ մտավ 2017-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը, ինչը հետպատերազմյան հայաստանյան ճգնաժամային ներքաղաքական կյանքում մնաց աննկատ և ստվերում։ Սակայն Հայաստանը ևս, ինչպես Բելառուսն ու Ադրբեջանը, չհայտնվեց ԱլԳ տրիոյի կողքին։

Եվրոպական միությունում Ուկրաինայի ներկայացուցիչ, դեսպան Միկոլա Տոչիցկիյն այն կարծիքին է, որ ԵՄ և ԱլԳ 3 երկրների հարաբերությունները հասել են մի կրիտիկական փուլի, երբ իրական ձեռքբերումները քաղաքական և տնտեսական զարգացման հարցում գերազանցում են այն նախնական նպատակները, որոնք սահմանված էին հենց ԵՄ-ի կողմից։ Ուկրաինացի դիվանագետն արձանագրել է, որ Տրիո երկրներն ունեն գրեթե նույնական ձեռքբերումներ, ինչ Արևմտյան Բալկանյան երկրները, իսկ որոշ ուղղություններով արդեն ԵՄ-ի հետ ասոցիացման սկզբից նույնիսկ առաջ են անցել Բալկանյան երկրներից, որոնք ունեն արդեն ԵՄ անդամակցության հստակ հեռանկար։

Սակայն, բացի տնային աշխատանքից, որը Հայաստանն իրականացրել է մասամբ, և ըստ մի շարք գնահատականների՝ չպետք է հայտնվեր այն նույն զամբյուղում, ինչ Ադրբեջանն ու Բելառուսն են, կա նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Միշելի այցը երեք երկրներ տեղի ունեցավ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման նոր փուլի ընթացքում և այս երեք երկրներում ներքաղաքական ճգնաժամերի ֆոնին։ Եվ եվրոպացի պաշտոնյան ըստ էության իր այցով և այդ երկրներում հնչած հայտարարություններով աջակցություն հայտնեց գործող իշխանություններին, և միակ երկիրը, որտեղ Միշելը հանդիպեց նաև ընդդիմությանը, Վրաստանն էր, որտեղ ընդդիմությունը ցայտուն հակառուսական հայացքներ ունեցող Ազգային շարժումն է։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միշելը երեք երկրներում էլ խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքից, դրանով իսկ փորձել խոցել Ռուսաստանին՝ իր այցին հաղորդելով հակառուսական վեկտոր։

Հայաստանի համար այս պատկերում ուշագրավն ու զարմանալին այն է, որ ԵՄ-ն, չնայած ՀՀ-ԵՄ 2017 թ. նախկին իշխանությունների ջանքերի արդյունքում ստորագրված համաձայնագրի և չնայած կարծիքների, որ ՀՀ-ում հեղափոխական իշխանությունը ձևավորվել է արևմտյան և արևմտամետ ուժերի աջակցությամբ, նմանօրինակ տարանջատումներ է իրականացնում ԱլԳ ծրագրում՝ ի վնաս Հայաստանի, որևէ աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին և լիովին անտեսում է Հայաստանի անցած ճանապարհն Արևելյան գործընկերություն ծրագրում, որի երբեմնի առաջամարտիկն էր Հայաստանը։ Եվ կարելի է արձանագրել, որ այս իշխանության օրոք լուրջ հետընթաց ապրեցին նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, թեև կար պատրաստի օրակարգ, որի վրա միայն աշխատել ու զարգացնել էր պետք, և Հայաստանն ըստ էության կորցրեց նաև Արևելյան գործընկերություն ծրագիրը։

Ռուսական Ռեգնում լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ ներկայիս պատկերը ձևավորվել է թե Երևանի քաղաքականության, և թե ԵՄ հետաքրքրության պակասի հետևանքով։ Նրա որակմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ողջ ճգնաժամը երևաց պատերազմի օրերին, երբ ԵՄ-ն կատարյալ անուշադրության մատնեց Հայաստանը և նրա դեմոկրատ համարվող ղեկավարին։

Ըստ Տարասովի, երևի թե բոլորը հասկանում են, որ պատերազմի ընթացքում արտացոլված պատկերից հետո այդ հարաբերությունները նոր փաթեթավորման կարիք ունեն, սակայն, թե երբ դա կարող է տեղի ունենալ, շատ անորոշ է։

«Ի՞նչն էր խանգարում ԱՄՆ-ին որևէ քայլ անել, գուցե ընտրություննե՞րը, իսկ ի՞նչն էր խանգարում Ֆրանսիային հանդես գալ հեռախոսազանգերից ավելի, քայլեր իրականացնել։ Ոչինչ: Պարզապես Հայաստանը պետք չէ այնպես, ինչպես մյուս երկրները, որոնք երես են թեքել Ռուսաստանից։

Սակայն Հայաստանին պատերազմի ընթացքում լուրջ, ուղիղ աջակցություն ամեն հարցում ցուցաբերեց միայն Ռուսաստանը, և, ի դեպ, Ռուսաստանն իր հերթին՝ երբեք չի պահանջել հրաժարվել ԵՄ-ի հետ հարաբերություններից, բայց Հայաստանի եվրոպական պարտիան ևս տապալվեց, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները ևս ոչ այնքան լավ են։

Այս փուլում որևէ հեռանկար ՀՀ-ԵՄ հարաբերություններում չեմ տեսնում, բայց ակնկալում եմ, որ ինչ-որ փուլում ԵՄ չինովնիկներն ասեն, որ ավտորիտար Ալիևն ու Էրդողանը պատերազմ են սկսել դեմոկրատ Փաշինյանի դեմ։ Նման բան կարող է տեղի ունենալ, բայց ռեալ որևէ քայլ՝ ոչ։ Կարծում եմ՝ շատերը հետևում են նաև նրան, թե ինչպես կհանգուցալուծվի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, ԵՄ-ի ներսում ևս բազմաթիվ խնդիրներ կան, և ընդլայնման քաղաքականությունը թուլացել է, սակայն ոչ մեկը չի հրաժարվել Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունից, և այս պրոյեկտն այդ գործիքներից մեկն է եղել, և այդ խնդիրն իրագործվել է միայն մասամբ։

Իր հերթին՝ գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱլԳ ծրագրի ապագայի հարցում ԵՄ չինովնիկների և ԵՄ անդամ երկրների ղեկավարների միջև լուրջ տարաձայնություններ կան, քանի որ ԵՄ-ն չի ցանկանում գումարներ ներդնել աննպատակային։

«Միշտ կան երկրներ, որոնք պայքարում են այս ծրագրի և ԱլԳ բոլոր երկրների համար, սակայն այն մասին, որ ԱլԳ-ն կարող է երկու մակարդակ ունենալ, երկու զամբյուղ, խոսվում էր շատ երկար ժամանակ, և ըստ էության այն երկրները, որոնք չեն կարող ունենալ զարգացման միայն մեկ վեկտոր, կամ ավելի սերտ համագործակցություն ունեն Ռուսաստանի հետ, ավելին, ԵԱՏՄ անդամ են, տեղակայվել են մեկ այլ խմբում։

Ասել, որ այդ երկրների ուղղությամբ ԵՄ-ն լուրջ քայլեր չի իրականացնի, սխալ կլիներ, սակայն հասկանալի է,որ այս վեց երկրների միջև արտաքին քաղաքական տարբեր ձգտումներ կան Ռուսաստանի և ԵՄ-ի հարցում, և ԵՄ-ն եկավ կոնսենսուսի՝ դասակարգել այն։ Բնականաբար, անհամեմատելի կլինի այն ուշադրությունը, որը ԵՄ-ն կհատկացնի առաջին զամբյուղին, ինչը երևի թե բնական է։ Իսկ պատերազմից հետո Հայաստանի համար և Հայաստանի շուրջ տարածաշրջանում շատ բան է փոխվել, ու շատերը դեռ ուսումնասիրում են այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է, քանի որ ամեն ինչ բավականին բարդ է»,- ասաց Ռարը։

Տեսանյութեր

Լրահոս