Արցախում դատարանը կքննի ԱԺ որոշման սահմանադրականությունը Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին
Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը քննության է ընդունել Ազգային ժողովի 8 պատգամավորների դիմումը՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» Արցախի Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշման սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝ Արթուր Մոսիյանի, Դավիթ Գալստյանի, Դավիթ Մելքումյանի, Գեղամ Ստեփանյանի, Դավիթ Իշխանյանի, Վահրամ Բալայանի, Մետաքսե Հակոբյանի, Կարեն Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ Գերագույն դատարանը որոշեց քննության ընդունել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» որոշումն Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը»,-մասնավորապես նշված է Արցախի Գերագույն դատարանի որոշման մեջ:
Գործի դատաքննությունն սկսվելու է 2021 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Գերագույն դատարանի դատավոր Հ.Աբրահամյանը,իսկ դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ, ներգրավելու է վիճարկվող ակտն ընդունած մարմինը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը:
«Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» թեմայով մարտի 23-ին նիստ հրավիրելու մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը: