Պատիվ չունեմ․ մի ստորացումի պատմություն
Տհաճ է տեսարանը, որում տասնյակ հասուն տղամարդիկ, ոչ թե սովորական տղամարդիկ, այլ գեներալական ու այլ բարձր կոչումով զինվորականներ, գլխահակ լսում են մեկի խոսքը, ում օրեր առաջ իրենց ստորագրությամբ որակել են՝ որպես պետության անվտանգության գլխավոր սպառնալիք։
Զզվելի է տեսարանը, երբ բոլոր այդ տղամարդիկ, գեներալական ուսադիրներովը՝ այդ թվում, լռակյաց լսում են դաստիարակի տոնով իրենց ուղղված քծնանքը, որը բխում է ոչ թե նրանց հանդեպ ունեցած գնահատանքից, այլ պահի քաղաքական թելադրանքից։
Նրանք լավ գիտեն, որ վաղը՝ քծնողի դիրքերի ամրանալուն զուգահեռ, այդ քծնանքը վերափոխվելու է պատժի ու հետապնդումների, ոմանք ուղղակի ազատվելու են պաշտոններից, որոշների նկատմամբ քրեական գործեր են հարուցվելու, երրորդները՝ գուցե հռչակվեն հայրենիքի դավաճաններ։
Նրանք, գեներալական ուսադիրներովը՝ այդ թվում, հրաշալի գիտեն դա, բայց գլխահակ լսում են քծնողի խրատներն ու գերազանցիկ աշակերտի նման ոտքի են կանգնում, երբ զրահաբաճկոնով զգեստավորվածն ու իրենցից նաև թիկնապահներով պաշտպանվողը լքում է նիստերի դահլիճը։
Դա այլևս ուղղակի կամ սովորական դահլիճ չէ, դա Հայաստանի խայտառակության ու ամոթի դահլիճն է, որտեղ հավաքվածների մասին՝ սովորույթի ուժով, խոսում են ակնածանքով ու մեծարանքով՝ այդպես էլ երբեք իրերը չկոչելով իրենց անուններով ու չարձանագրելով, որ հայկական փառապանծ բանակը ղեկավարում են գեներալներ, գեներալ լինելուց առաջ՝ տղամարդիկ, ովքեր ունակ չեն պաշտպանելու սեփական անուն-ազգանունն ու ստորագրությունը։ Ահա նրանք, ովքեր մասնակցում են սեփական պատիվը պաշտպանել չկարողանալու պերֆորմանսին, ի պաշտոնե կոչված են պաշտպանելու Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը։
Հայկական բանակի հրամկազմի հրապարակային ստորացումը, սակայն, տեղի է ունենում կամավորության սկզբունքով։ Դժվար է պատկերացնել պարագա, երբ որևէ մեկը, անգամ՝ քծնանքով, կարողանա պարտադրել հասուն տղամարդուն, գեներալներին՝ այդ թվում, մասնակցել սեփական անձի ստորացման ցուցքին։ Եվ հանուն արդարության պետք է ներկայացնել հարցադրումն այն մասին, թե ո՞վ է իրականում ավելի մեծ կոնֆլիկտի մեջ բարոյականության հետ՝ ստորացնո՞ղը, թե՞ ստորացվողները։
Այս հարցն ունի ստույգ պատասխան, և այդ պատասխանն անհրաժեշտ է ոչ միայն՝ բանակի, այլ ընդհանրապես՝ հանրային ու պետական կյանքի առողջացման համար։ Որովհետև նույնքան ստույգ ու ակնհայտ է իրողությունը, որ քծնանքով ստորացող հրամանատարը չի կարող պաշտպանել սեփական զորքն ու հայրենիքը թշնամու ոտնձգությունից։
Վաղուց ժամանակն է կոտրելու մեր իրականությունը խեղած միֆերն ու առասպելները։ Այդ թվում՝ բանակի ու զինված ուժերի մասին։
Կյանքը և այսօր հրապարակված մի տեսանյութ ցույց են տալիս, որ հասուն տղամարդկանց ուսերին փակցված աստղերի քանակը հակադարձ համեմատական է պարզ, մարդկային, բայց առաջին հերթին՝ տղամարդկային արժանապատվության չափաբաժնին։
«Պատիվ ունեմ» արդեն արժեզրկվող արտահայտությանը պետք է ժխտական ածանց ավելացնել։ Հատկապես՝ գեներալների պարագայում։
Հարություն Ավետիսյան