«ՀՅԴ անդամին շանտաժով, սպառնալիքով և ուլտիմատումով ստիպել են, որ սատարի ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի՞ն»

ՀՅԴ անդամ, ՇՄ Ախուրյանի շրջանի ՀՅԴ կոմիտեի նախագահ Արծրուն Իգիթյանը թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի նախընտրական քարոզչության ժամանակ Ախուրյանում ուղեկցել է ՀՀԿ թեկնածուին և քարոզչության ամբողջ ընթացքում Արման Սահակյանի կողքին է եղել: ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանից galatv.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա սատարում է ՀՀԿ թեկնածուին:

«Ես ՀՅԴ ներկայացուցիչ եմ, իսկ ՀՅԴ-ն իր որոշումը կայացրել է՝ ոչ մեկին չենք սատարում: Իսկ ես կոմիտեի նախագահն եմ, և ուրեմն՝ ենթարկվում եմ կուսակցության ներքին կանոնակարգին»,- ասել է  Իգիթյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ էիք այդ դեպքում մասնակցում Արման Սահակյանի քարոզչությանը, ՀՅԴ ներկայացուցիչն  ասել է.

«Այսօր ինձ տեսել եք Արման Սահակյանի կողքին, վաղն էլ կտեսնեք Մուրադի կողքին: Եթե համայնքում հանդիպում կա, ես համայնքի ղեկավար եմ, համայնքից պիտի փախչե՞մ: Ես պարտավոր եմ, համայնքի ղեկավար եմ, դուք մոռանու՞մ եք դա, պարտավոր եմ ապահովելու հանդիպումները, տարածք տրամադրելու, ռեկլամի համար տեղ տրամադրելու: Ես իմ աշխատանքային պարտավորությունների կատարման մեջ եմ, ես չեմ խառնվում: Մեր մոտ կուսակցական խնդիրները խիստ են դրված»:

Փաստորեն, ՀՅԴ անդամ Ա. Իգիթյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ական թեկնածուի հանդիպումներին մասնակցել է որպես Ախուրյան համայնքի ղեկավար:

ՀԱԿ թեկնածուից galatv.am-ը փորձել է ճշտել, թե Ախուրյանում Մուրադ Գրիգորյանի հանդիպումներին դաշնակցական գյուղապետը, դարձյա՞լ որպես համայնքի ղեկավար եւ ոչ կուսակցական, ներկա գտնվել է:

«Իմ հանդիպումը ախուրյանցիների հետ եղել է մշակույթի տանը: Համագյուղացիները հավաքված են եղել, էդ տեսահոլովակն էլ կա, եւ գյուղապետը չկա: Նա տեղյակ եղել է, որ ես հանդիպման եմ գնում Ախուրյան: Իրազեկումը փակցված է եղել համայնքի տեսանելի վայրերում, իրազեկված են եղել տեքստային մասով առանձին: Ես չեմ զարմանում, քանի որ քարոզարշավի առաջին օրերին համայնքապետերը մոտենում էին, գոնե բարեւում, խոսք էին ասում, բայց նրանք բոլորն արժանացան տոտալ հարձակման, և հիմա գյուղապետերի փախնելու հոգեբանությունն ու հոգու վախը հասկանում եմ»,- ասել է ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՅԴ անդամին էլ հրահանգել են մասնակցելու ՀՀԿ թեկնածուի քարոզչությանը, ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը պատասխանել է. «Հրահանգե՞լ, հրահանգելը ո՞րն է, դուք մեղմ եք ասում, շանտաժով, սպառնալիքով, ուլտիմատումով ստիպել են, որ գնա ու մասնակցի»:

Տեսանյութեր

Լրահոս