«Սա ռազմական հեղաշրջում չէ, ոչ մի երկրում այսպիսի ռազմական հեղաշրջումներ չեն արվում»․ ՊՆ նախկին փոխնախարարը՝ ԳՇ հայտարարության մասին
«Մեր բանակը, Զինված ուժերը երբեք քաղաքական որևէ գործընթացի մեջ չի եղել և դա շատ լավ է։ Միշտ հպարտացել ենք, որ զինված ուժերը հեռու են մնացել քաղաքական զարգացումներից։ Բայց, ցավոք, վերջին իրադարձությունները, հատկապես հետպատերազմյան զարգացումները, նաև բուն պատերազմի ընթացքը, պետության կողմից ապաշնորհ, կազմաքանդող գործողությունները, բերել են սրան։ Սա ընդվզում չէ, մտահոգություն է»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով ԳՇ հայտարարության մասին։
«Սա ռազմական հեղաշրջում չէ, ոչ մի երկրում այսպիսի ռազմական հեղաշրջումներ չեն արվում։ Ռազմական հեղաշրջումը հրապարակային և դանակը ոսկորին հասած չի արվում։
Մեր զինվորականների այս կոչն առաջին հերթին քաղաքացիական հասարակությանն է ուղղված՝ որպես ահազանգ, խնդրանք, որ այսպես շարունակել չենք կարող, կորցնում ենք մեր պետության բոլոր ինստիտուտները և հետագայում վերականգնելը շատ բարդ է լինելու, նույնիսկ անհնար։ Հույսեր կային, որ 2018թ․, այսպես կոչված, հեղափոխությամբ մեր երկրում ինչ-որ մի բան կփոխվի, բայց ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ամեն ինչ գլորվեց դեպի անդունդ»,- հավելեց Արտակ Զաքարյանը։