Բաժիններ՝

Հայաստանում ավելի ուժեղ է ՏՏ մասնավոր հատվածը, իսկ Վրաստանում՝ պետականը

Այս տարի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները մասնակցում էին վերջերս Վրաստանում կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին: Մեր երկիրը այս միջոցառմանը մասնակցում է արդեն մի քանի տարի շարունակ, սակայն այս տարի հայաստանյան պատվիրակությունը գրավվել է ամենաշատ մրցանակները ՝ թվով 7 մրցանակ:  Մանրամասները՝ այստեղ.

Այս մասին այսօր լրագրողնների հետ հանդիպման ժամանակ նշեցին միջացառման մասնակից հայաստանյան պատվիրակության անդամները:

168.am-ի հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Վրաստանում ամենաշատ մրցանակները ստացել են հայկական ընկերությունները, այն դեպքում, երբ  տարածված տեսակետ կա, թե Վրաստանում ՏՏ ոլորտի ընկերություններն ավելի մեծ առավելություններ ունեն և այնտեղ բիզնես միջավայրն ավելի լավն է, քան Հայաստանինը,   Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը պատասխանեց. «Վրաստանի ՏՏ ստրուկտուրան լրիվ ուրիշ է: Վրաստանում հիմնականում ՏՏ նախագծերն իրականացվում են պետական գործակալությունների կողմից և հիմնական ռեսուրսը պետական մասում է կենտրոնացած: Եթե համեմատենք, ապա այնտեղ ՏՏ-ի 80%-ը կազմում է պետությունը, 20%-ը՝ մասնավորը:

Մեզ մոտ հակառակն է՝ մոտ 90%-ը կազմում են ՏՏ մասնավոր ընկերությունները, իսկ մնացած 10%-ը կազմում են ՏՏ պետական նախագծերը: Այդ իսկ պատճառով էլ մենք մասնավոր հատվածում ավելի հզոր ենք»:

Կարդացեք նաև

Վ. Հովսեփյանի խոսքով՝ իրականում թե քանակի, թե որակի առումով հայկական ՏՏ մասնավոր հատվածը շատ ավելի ուժեղ է վրացական հատվածից, սակայն այնտեղ ներկայում մասնավոր հատվածը զարգացնելու ուղղությամբ որոշակի քայլեր են նկատվում, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է կրթական մեծ նախագծերի սկսմանը, աշխատաքաղաքական դիրքից օգտվելու հնարավորությունների կիրառմանը և այլն:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանի խոսքով՝ Վրաստանում պետական հատվածում ՏՏ ոլորտի զարգացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ ՏՏ ոլորտում հիմնական պատվիրատուն և աշխատանք կատարողները պետական գործակալություններն են:

«Այնտեղ այդ ուղղությամբ բավականին լուրջ ֆինանսավորում են հատկացրել, եթե այդ ֆինանսավորոշման գոնե կեսը գար Հայաստան, հավանական է, որ հենց մենք կդառնայիք ամենահզոր ՏՏ երկիրը»,- ասաց Խ. Կարայանը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Վրաստանում բավական լուրջ ֆինանսավորում է ստացել ՏՏ ոլորտը, ուստի դա է պատճառը, որ Վրաստանում այն «թեքվեց դեպի պետական հատված»:

Իսկ X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  Վրաստանում իր ծանոթներից տեղեկացել է, որ, օրինակ՝ պետական հատվածում լավ ծրագրավորողի աշխատավարձը 2 անգամ ավելի բարձր է, քան մասնավոր ընկերությունում:

«Պարզ է, որ ծրագրավորողը նախընտրելու է գնալ, աշխատել պետական հատվածում, մինչդեռ Հայաստանում հակառակն է, պետական սեկտորում աշխատող ծրագրավորողները աճելով՝ գնում են ինչ-որ արտասահմանյան ընկերություններում աշխատելու, որովհետև այնտեղ է աշխատավարձը ավելի բարձր: Այսինքն՝ այս ամենն իր պարզ բացատրությունն ունի»,- ասաց Ա. Աթոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս