Դուք պատկերացնո՞ւմ եք, ԱԺ պատգամավորը սպառնում է կրակել. Գևորգ Պետրոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

«Նիկոլն ինչո՞ւ չի արձագանքում, բա ասում են՝ ժողովուրդ չկա,  փետրվարի 20-ին  Օպերան «տրաքում» էր մարդկանց բազմությունից: Ասել եմ, էլի կրկնում եմ, ինքը քաղաքացիական պատերազմի է  տանում:  Շատ լավ էլ տեսնում է, որ ժողովուրդն իրենից «յախա» է թափ տալիս: Մի քանի ֆեյքեր որ չլինեն, չկա ինքը: Նիկոլ Փաշինյան, չէիր ուզում հրաժարական տալ, երկիրը ճիշտ ղեկավարեիր: Այո, դու ընտրվել ես, ոչ մեկը դա չի կարող վիճարկել, բայց երկիրը ճիշտ ղեկավարեիր»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ապա անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն արտահայտությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու,  պատգամավորը նկատեց. «Սա ասում է ԱԺ պատգամավորը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Փոխանակ մեր ժողովրդին պաշտպանի՝ հաթաթա է տալիս: Արա, բա որ շենք գրոհելը կրակելով էր, բա խի՞ ձեր վրա չկրակեցին, երբ 2018թ․ հատուկ պահպանության օբյեկտ հանդիսացող ռադիոյի և հեռուստատեսության շենքը գրավեցիք: Սա նշանակում է, որ իրենք հոգեվարքի մեջ են, որովհետև իր վրա վստահ մարդը նման արտահայտություն չի անի: Դուք պատկերացնո՞ւմ եք, ԱԺ պատգամավորը սպառնում է կրակել իր քաղաքացիական, սահմանադրական իրավունքն իրականացնող քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս