«Քանի որ հիմա լկտիաբար փորձ է արվում խեղել նախագահի խոսքը, ստիպված եմ այս չակերտները բացում…». Դավիթ Ջամալյան

«Ես եղել եմ, կամ և մնալու եմ «ոչ մի թիզ հող» սկզբունքի կրողը. Շատ երկար կարող եմ հիմնավորել, թե ինչու պետք է հենց այդ սկզբունքն ընկած լիներ և ընկած լինի մեր քաղաքական ստրատեգիան կազմակերպելիս, բայց ուզում եմ ընդգծել հետևյալը. Նախ՝ այս աղետի ֆոնին կազանյան փաստաթուղթը, իհարկե, համեմատելի չէ այս իրականության հետ՝ տարածքային առումով ավելին էր լինելու Արցախը և ունենալու էր երաշխավորված կարգավիճակ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը շատ հստակ ասում է հետևյալը՝ մնում էի, որպեսզի այս աղետը չպատուհասեր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը, լինելով պետական գործիչ, չէր կարող ամբողջ ծավալով նկարագրել բանակցային գործընթացի ողջ նկարագիրը. «Բանակցային գործընթացը խորք ունի, շերտեր կան, Սերժ Սարգսյանը խոսեց ընդամենը մի շերտի մասին: Ես համոզված եմ, այդ տեսակետին եմ եղել նախկինում և հիմա էլ եմ մնում այդ տեսակետին, որ թեպետ Երրորդ նախագահը խոսեց, որ ինքը չի եղել «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցը, բայց, այնուամենայնիվ, նրա ձեռնարկած քայլերը բերելու էին այն բանին, որ Արցախի իրավասուբյեկտությունը, վաղ թե ուշ, ճանաչվեր սեպտեմբերի 27-ի դրությամբ առկա սահմաններում կամ էլ այդ ուրվագծի աննշան փոփոխության դեպքում: Փաստարկները, թե ինչու եմ այդպես կարծում, անթիվ են: Միշտ չէ, որ պետական գործիչն իր նպատակների մասին պետք է խոսի բացահայտ և հանրայնորեն: Շատ դեպքերում դու պետք է քո բուն նպատակը կարողանաս քողարկել, ընթացիկ զարգացումների տրամաբանությունն ուղղորդել այնպես, որպեսզի ի վերջո հանգես քեզ համար ցանկալի արդյունքի:

Տեսեք՝ կազանյան հանդիպումից առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսում էր այն մասին, որ կան Արցախի օկուպացված տարածքներ, իսկ այդ թեզը առաջ էր մղում, որովհետև Արցախի Սահմանադրությամբ, որն ընդունվել էր 2006թ. դեկտեմբերի 10-ին՝ հանրաքվեով, շատ հստակ նշվում էր հետևյալը, որ մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, մինչև սահմանների ճշգրտումը, Արցախի իրավազորությունը տարածվում է փաստացի վերահսկվող տարածքի վրա: Այսինքն՝ այսկերպ փորձ էր արվում Արցախի Սահմանադրությունը բանակցային գործընթացն ուղղորդող գործոններից մեկը դարձնել:

Նկատի ունեին Շահումյանը, Մարտակերտի արևելյան հատվածը, Մարտունու արևելյան հատվածը: Եթե խոսքը տարածքներ հանձնելու մասին է, այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք առաջ մղում մի այնպիսի թեզ, որը ի սկզբանե մերժելի է ադրբեջանական կողմի համար: Ի՞նչ է՝ Շավարշ Քոչարյանը ինքնագործունեությա՞մբ էր զբաղվում: Կամ՝ ինչո՞ւ իմ կողմից անվերապահորեն հարգելի Բակո Սահակյանը հայտարարում էր, որ չի կարող լինել վերադարձ 1988-ի իրողություններին՝ ո՛չ կարգավիճակի, ո՛չ էլ տարածքի սահմանների առումով: Ինչո՞ւ կազանյան հանդիպումից ամիսներ առաջ՝ 2010թ. նոյեմբերի 30-ին, Արցախի կառավարությունը որոշում ընդունեց և Աղդամը վերանվանեց Ակնա, և տվեց Ասկերան Քաղաքի թաղամասի կարգավիճակ: Հասկանո՞ւմ եք՝ պետք է գործերին նայել: Ես եղել և մնում եմ այն տեսակետին, որ բանակցային գործընթացն ունի խորք, մենք կարող ենք քննարկել բանակցային մեխանիկային առնչվող հարցերը՝ մադրիդյան սկզբունքները, եռանախագահների կողմից տարբեր ժամանակներում արված առաջարկները, բայց կա իրական քաղաքականությունը՝ իր խորքով: Այդ իրական քաղաքականության խորքը մենք կարող ենք տեսնել տվյալ իշխանության գործելաոճից»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ «ոչ մի թիզ հող» սկզբունքը պետք է արտահայտեր Արցախը՝ այդկերպ իր սուբյեկտայնությունը բարձրացնելով, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է հղում աներ Արցախի պաշտոնական տեսակետին և ասեր, որ պետք է ընդունենք այն, ինչ ասում է պաշտոնական Ստեփանակերտը. «Կազանյան հանդիպումից առաջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ վերջին խոսքը պետք է լինի Արցախինը, իսկ Արցախի նախագահն ասում էր, որ վերադարձ 88-ին լինել չի կարող:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի կարող ողջ խորքը բացահայտել, որովհետև պաշտոնաթող նախագահներ չեն լինում, նախագահ ես եղել՝ պատասխանատվության բեռը քո ուսերին է նաև պաշտոնից հեռանալուց հետո, դու չես կարող բացահայտել ողջ խորքը, չես կարող բացահայտել այն խոսակցությունները, դրույթը, որ ունեցել ես, օրինակ՝ քո ստրատեգիական դաշնակցի հետ, որովհետև եթե այդ ամենի մասին անտեղի անկեղծանաս, սպառնալիքներ կստեղծես հիմա կամ ապագայի համար, քո երկրի կամ քո սեփական իմիջը կվնասես: Բաներ կան, որոնց մասին չեն ասում: Այն, ինչի մասին ես ասում եմ, օրինակ՝ երբեք չեն ասի իմ շատ սիրելի ընկեր Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը կամ ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ, ովքեր եղել են այս շատ գեղեցիկ կազմակերպված, փոխադարձ խաղի տրամաբանության դերակատարները: Ես այդ բեռի տակ չեմ եղել և ի սկզբանե եղել եմ «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցը, և քանի որ հիմա լկտիաբար փորձ է արվում խեղել նախագահի խոսքը, ստիպված եմ այս չակերտները բացում…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս