Պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել ՀՀ ԶՈՒ-ն և պատրաստվել Հայաստանի պաշտպանությանը. Եվսեև
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո իրավիճակը, մեղմ ասած, անվտանգ չէ Սյունիքի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում և միջհամայնքային ու միջպետական ճանապարհներին:
Հրադադարի հայտարարությունից հետո հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման ընթացքում մեկ անգամ չէ, որ հնչում են հաղորդումներ այն մասին, որ ադրբեջանական ուժերը կանգնում են Սյունիքի մարզի միջպետական մայրուղու վրա, «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակներ են ավելացնում Գորիս-Կապան ճանապարհին, սադրում Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, կրակոցներ արձակում, ստեղծելով վախի մթնոլորտ և վտանգավոր միջավայր սյունեցիների համար: Թեև միջպետական մայրուղու որոշ հատվածները վերահսկվում են նաև ռուս սահմանապահների կողմից, ընդհանուր առմամբ Սյունիքում ադրբեջանական սադրանքները շարունակվում են՝ խնդիրներ ստեղծելով թե ՀՀ սահմանապահների, թե բնակիչների համար, որին ՀՀ իշխանությունները համարժեք արձագանք ըստ էության չեն տալիս, ստեղծված իրավիճակը բացատրելով սահմանի ճշգրտմամբ: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերը ոչ միայն զինված ներկայություն ունեն, այլև կրակում են, ինչն իշխանությունը որևէ կերպ չի մեկնաբանում, որևէ պաշտոնական հաղորդագրությամբ չի պարզաբանում ստեղծված իրավիճակը: Երեկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնիսկ տեսաապացույց հրապարակեց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են՝ ինչպես փոքր, այնպես էլ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- նշել էր Ա․ Թաթոյանը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերի նման վարքագիծը Հայաստանի նկատմամբ ճնշման բաղադրիչ է, որը պայմանավորված է այն ռազմական հաջողություններով, որոնք նա գրանցեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, և միջադեպերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների բացակայությամբ և քանի որ նման մեխանիզմ չկա, դա թույլ է տալիս ադրբեջանական կողմին դրսևորվել այնպես, ինչպես կամենում է:
Ռազմական վերլուծաբանի կարծիքով, առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկին խմբի միջոցով և դրա շրջանակում հարկավոր է ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ՝ ստեղծելու համար միջազգային հետաքննական մեխանիզմներ: Երկրորդ, նրա կարծիքով՝ պետք է տեղակայվեն վերահսկողության տեխնիկական միջոցներ հրադադարի դիտարկման համար, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապացուցել և միայն այդ դեպքում է հնարավոր հստակեցնել մեղավոր կողմին՝ ապացուցելով:
«Տվյալ մարզի առանձնահատկությունն այն է, որ այդ հատվածում, որտեղ կրակոցներ են հնչում ներկայումս, դիտակետեր երբեք չեն եղել, ԵԱՀԿ դիտորդությունը չի աշխատել: Երևի թե պետք է հարց դնել, որ իրավիճակի նման սրման կապակցությամբ ավելացվի դիտակետերի քանակը և դիտորդների քանակն այն հատվածում, որը վիճելի է համարում ադրբեջանական կողմը, չգիտես թե ինչու: ԵԱՀԿ-ն ևս պետք է իրականացնի իր առաքելությունը դիտորդական: ԵԱՀԿ-ն հիմնական միջոցն է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր և Հայաստանին բարեկամ երկիր, ինչպես ԵԱՀԿ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, ճնշումներ կգործադրեն: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի առջև կարելի է հարց դնել, որպեսզի այնտեղ սահմանապահ զորքեր տեղակայվեն, այսինքն՝ հավելյալ նրան, ինչ ներկայումս կա: Այսինքն՝ այդ սահմանը Ռուսաստանը կարող է վերցնել իր վերահսկողության տակ այնպես, ինչպես դա ՌԴ-ն անում է թուրքական սահմանի դեպքում: Կարծում եմ՝ այդ հարցը Հայաստանը կարող է բարձրացնել Ռուսաստանի առջև»,- ասաց Եվսեևը:
Նա ասաց, որ այն պայմաններում, ինչ կա ներկայումս՝ փոխադարձ դժգոհություններ, Ադրբեջանը ազատ չի արձակում ՀՀ բոլոր ռազմագերիներին, ադրբեջանական կողմի տվյալներով՝ հայկական կողմն իր զորքերն ամբողջությամբ դուրս չի բերում ԼՂ-ից, իրավիճակի սրումն անխուսափելի է թվում:
Վերլուծաբանի կարծիքով՝ այսպիսով Ադրբեջանը փորձում է իր համար շահեկան պայմաններ ստանալ, ինչպես՝ զորքերի տեղակայման վայրի, այնպես էլ՝ տրանսպորտային միջանցքի ձևավորման հարցով:
«Նրանք ցանկանում են ստանալ տրանսպորտային միջանցքն ու հարմար պայմաններ այդ միջանցքի համար: Նրանք մտածում են, թե տրանսպորտային նոր միջանցքը լինելու է Լաչինի միջանցքի կարգավիճակի նմանությամբ, և նրանք ունենալու են նույնպիսի հասանելիություն, ինչը բացարձակապես սխալ է: Դրանք տարբեր պայմաններ են, Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, ոչ ոք պարտավոր չէ թույլ տալ Ադրբեջանի զինված ուժերին և ուժայիններին միջանցք, որը ծրագրվում է ստեղծել Նախիջևանի համար: Այստեղ դիրքորոշումը կոշտ պետք է լինի և հենվի այն միջազգային մեխանիզմի վրա, որն առկա է: Կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, կան ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ և եռակողմ հայտարարություններ, որոնք բոլորն ունեն լծակներ, և դրանք պետք է օգտագործել: Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած Ադրբեջանը տարածքներ է ստացել, ամեն դեպքում շարունակում է լինել միջազգային իրավունքի խախտող և սադրիչ: Որքան արագ Հայաստանին հաջողվի ապացուցել, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի խախտող է, այնքան ավելի հեշտ կլինի ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Եվսեևը:
Խոսելով պատերազմին հաջորդած փուլում ՀՀ ՊՆ քաղաքականությունից և խնդիրներին արձագանքելու պատրաստականությունից՝ Եվսեևն ասաց, որ չափազանց բարդ է գնահատել ՀՀ ՊՆ աշխատանքը հետպատերազմյան փուլում, քանի որ նախ՝ Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ շատ հարցեր ունի, որոնց պատասխանը չի ստացել: Ավելին, նրա խոսքով, ներկայումս որոշակի շփոթվածություն կա և դատապարտվածության զգացում ՀՀ Պն-ի մոտ, որի պարագայում կրկին կենտրոնանալ խնդիրների վրա չի ցանկանա, քանի որ ներկայումս ևս կան խնդիրներ ու ռիսկեր:
«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի շփոթված իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, դրան է պետք պատրաստվել, քանի որ ԼՂ պաշտպանության մասին պետք չէ մտածել, դա ՌԴ-ն ապահովում է, իսկ ՀՀ-ի մասին պետք է մտածել, ինչպես պաշտպանել Ադրբեջանից, Թուրքիայից՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Նախիջևանի կողմից, պետք է լրջորեն մոտենալ ոչ միայն ԶՈՒ մարտունակության վերականգնմանը, այլև մոբիլիզացիոն ռեզերվի հարցին, որը, ինչպես պարզվեց՝ կա՛մ չկա, կա՛մ դրան կցված սպառազինություն չկա, կա՛մ չկա ցանկություն այն գործի դնել, այդ հարցը որակապես պետք է փոխվի: Հնարավոր չէ խոսել ՀՀ տարածքի պաշտպանության մասին, եթե հնարավոր չէ իրականացնել մոբիլիզացիա, քանի որ ներկայումս խոսքը ՀՀ տարածքի պաշտպանության մասին է՝ պաշտպանելու համար Հայաստանը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն: Սա ամենակարևոր հարցն է: Դրա համար հարկավոր է ձեռնարկել որոշակի քայլեր, և ասեմ, որ ՌԴ-ն պատրաստ է այդ հարցերում Հայաստանին աջակցել»,- ասաց Վլադիմիր Եվսեևը: