Վարչապետի օգնականը Կառավարության առջև մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Այս անգամ նրանք այստեղ էին զինծառայողների երեխաների հետ:

Լրատվական տեսախցիկներն այստեղ ֆիքսել էին նաև Նիկոլ Փաշինյանի նորանշանակ ստոմատոլոգ օգնականին՝ Գագիկ Իսախանյանին․

– Այստեղ ծնողներին ինչ-որ ինֆորմացիա՞ էիք փոխանցում. Այսինքն՝ այստեղ եկել էիք՝ որպես Նիկոլ Փաշինյանի օգնակա՞ն, թե՞ եկել էիք պարզապես ծնողների հետ զրուցելու:

– Հենց ամենաառաջին օրվանից ես եղել եմ, միշտ էլ լինելու եմ ծնողների կողքին. ինձ համար կապ չունի ո՛չ պաշտոն, ո՛չ պետական գործիչ, ո՛չ մի բան:

Ինֆորմացիա՞ էիք փոխանցում, թե՞ պարզապես եկել էիք՝ իրենց հետ ակցիային մասնակցելու:

– Որ ինձ ճանաչեիք, նման հարցեր չէիք տա. ուղղակի առանց հիմնավորելու՝ շատ բաներ են գրում իմ անձի վերաբերյալ, որն արդեն աբսուրդի է հասնում:

Թե ինչեր՝ նա չմանրամասնեց, բայց նկատեց.

«Ես իմ գործով եմ ամեն ինչը կարգավորում. ժամանակը ամենալավ դատավորն է: Ժամանակին կերևա արդեն՝ իմ հասցեին գրողնե՞րը գլուխ կկախեն, թե՞ ես, ժամանակը ցույց կտա»:

Լրագրողը կրկնեց հարցը.

– Կառավարության կողմից ինֆորմացիա՞ էիք փոխանցում, թե՞ պարզապես եկել էիք ծնողների կողքին կանգնելու:

– Ես եկել եմ, ծնողների կողքին կանգնած եմ. ես ինֆորմացիա փոխանցող չեմ։

– Այսինքն՝ մասնակցում եք ակցիայի՞ն:

– Պարտադիր:

– Դուք է՞լ եք կիսում ակցիայի մասնակիցների կարծիքը, որ կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, որոշ դեպքերում՝ անգործության է մատնված:  

– Բոլոր տեղերում էլ թերություններ կան, բոլոր բնագավառներում թերացումներ կան, ես ծնողների կողմից այդ թերացումները պետք է գտնեմ, բոլորի հետ միասին գտնենք ու վերահսկենք. ես պետական մակարդակի վրա լծակներ ունենամ, որ վերահսկեմ, աշխատենք այդ թերացումները վերացնել:

– Որո՞նք այդ թերացումները

– Դեռ շուտ է դրա մասին խոսել:

– Ինչո՞ւ է շուտ.  ժամանակն անցնում է. շատերը գերեվարված են, անհետ կորած են, սա առաջնային հարց է:

– Լրատվամիջոցները շատ-շատ խանգարում են թե՛ ծնողներին, թե՛ ամեն հարցով, դրա համար, եթե ես թերացումն ասեմ, մեր հակառակորդը մեր թերացումը իմանա….

– Լրատվամիջոցնե՞րն են խանգարում, որ բանակցեն:

– Ոչ: Դուք շատ վարպետորեն հարցերը տալիս եք, ես վարպետացած չեմ միկրոֆոնների առաջ խոսելու, ես ստոմատոլոգ եմ, գիտեք, չէ՞, բոլորդ էլ. ուղղակի մարդու աշխատանքը բացարձակ կապ չունի, իմ փոխարեն՝ ցանկացած մարդ լիներ, տնտեսագետ լիներ, կենսաբանության դասախոս լիներ, միևնույն է՝ գրելու էին։  Ուղղակի ցինիզմի աստիճանը չի կարելի անցնել, մարդուն առանց ճանաչելու՝ չի կարելի ոչ մի բան խոսել իր մասին:

Դեպք եղավ, երբ ծնողն ակցիա էր իրականացրել, դարպասին հարված էլ, քրեական գործ հարցուցվեց, Ձեր պարագայում՝ Դուք նշանակվեցիք օգնական. գուցե սա՞ էր քննարկումների առարկա դարձել:

– Դուք շատ վարպետորեն հարցեր եք տալիս, ես եկեք, որ հարցը պետք չի, չեմ պատասխանի, կլինի՞:

Ուղղակի լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ որոնողական աշխատանքներին, թե՛ գերիներին հետ բերելու աշխատանքներին. լրատվամիջոցների պատճառով գերիներից մեկը վերջին պահին փոխանակվեց: Որովհետև լրատվամիջոցները բոլորը, չգիտես՝ ինչու, այդ երեխուն էին սպասում, բայց ինչի՞ համար:

Վարչապետի օգնականը չցանկացավ հստակեցնել, թե որ լրատվամիջոցի մասին էր խոսքը:

Լրագրողը ճշգրտող հարցին էլ, թե կառավարությունն արագ, արդյունավետ աշխատո՞ւմ է և մեղքը տեսնում եք միայն լրատվամիջոցների՞ մեջ, Գագիկ Իսախանյանի փոխարեն՝ արձագանքեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը. «Կառավարությունը չի աշխատում, կառավարություն կա՞…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս