«Երբ նախկինում մի զինվորի քթից արյուն էր գալիս, աղմուկ էր բարձրանում, անպայման առաջին դեմքն էր մեղավոր, հիմա տեսեք՝ ինչ աղետի մեջ ենք՝ մարդիկ չեն արձագանքում». հոգեբան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր հանրության շրջանում պատերազմի շոկային վիճակը չի կարող ավարտված լինել, քանի որ մինչև այսօր մենք լսում ենք տեղեկատվություն զոհվածների մարմինների հայտնաբերման, զոհվածների նոր անվանացանկերի մասին:

«Մենք դեռ ուղղակի չենք կարող դուրս գալ այդ շոկից, վշտի, սգո, վատթարին սպասելու հոգեվիճակից: Սա՝ մի կողմից, բայց հասարակությունը, բնականաբար, տարբեր շերտերից է բաղկացած, և ամեն շերտ իր յուրովի հոգեվիճակում է գտնվում: Այսօր արդեն կարող եմ փաստել, որ տրամադրությունների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում: Թեկուզ զուտ ամենատարբեր ոլորտների փորձագետների վերլուծությունները երբ լսում ենք, այսպիսի համերաշխություն, մոտավորապես միևնույն գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին, այսպիսի համահունչ վիճակ ես չեմ հիշում: Նկատելի է, որ, մեղմ ասած, դժգոհությունները գնալով դառնում են ավելի մասսայական, բայց գործընթացը դանդաղ է տեղի ունենում»,- ասաց Նալչաջյանը:

Հոգեբանի պնդմամբ՝ չնայած դժգոհության ալիքն ահագնանում է, դեռ կան մարդիկ, որոնք հավատում են գործող իշխանությանը:

«Կա մի շերտ, որի մեջ ես երկու ենթաշերտ կառանձնացնեի, որը դեռևս կա՛մ թմբիրի մեջ է, կա՛մ համառորեն, կամակոր ձևով կառչել է իր դիրքորոշումներից: Մի դեպքում դա վերլուծական մտքի, ինտելեկտի, բարոյական արժեքների պակաս է ուղղակի, ինքնահաստատման ոչ ադեկվատ դրսևորումներ են դրանք: Մարդիկ, ովքեր առանձնապես ինքնահաստատված չեն, շրջապատի վրա ազդեցություն գործելու, հատուկ հարգված լինելու, իրենց կարծիքի կարևոր լինելու զգացողություն շատ քիչ են ունեցել կյանքում, այս հեղափոխություն կոչվածի միջով որ անցել են, իրենց այնքան կարևոր են զգացել, որ իներցիայով շարունակում են, այդ վիճակում են ուզում մնալ: Մյուս շերտը. փոքր երկիր ենք, փոքր թվաքանակով, ազգաբնակչությամբ, դե տեսեք, իշխանության աթոռներին ինչքան մարդիկ են նստած, միայն իրենց ծանոթները, բարեկամները, ազգակիցները արդեն որոշակի թիվ են կազմում: Կա շերտ, որը շահադիտական նպատակներով է սատարում իշխանությանը, որովհետև այս կամ այն ձևով կերակրամանի հարց է լուծում: Միայն այս շերտերն արդեն կարող են որոշակի քանակ կազմել»,- ասաց Նալչաջյանը:

Հոգեբանի մեկնաբանությամբ՝ եթե ուժերի հարաբերակցությունը փոփվի, ապա վերոնշյալ շերտերը կարող են այլ դիրք զբաղեցնել:

«Չինքնահաստատվածների, թեկուզ շահադիտական նպատակներով իշխանությանը ծառայողների շերտը շատ դինամիկ է, շարժուն է, ուժերի հարաբերակցությունը մի փոքր որ փոխվի, շատ արագ այս շերտը կանցնի մյուս կողմը: Դեռ վախի զգացողություն կա, մենք ամեն օր տեսնում ենք, որ վախի գեներացիա կա քննադատողների նկատմամբ: Կոնֆորմիստները սպասում են՝ ինչից ավելի շատ վախենալ, ինչից ավելի քիչ վախենալ, նայած, թե կշեռքի նժարներն ի՞նչ դիրքում կլինեն, մի հոծ զանգված կանցնի այդտեղ»,- ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի պնդմամբ՝ վերջին 3 տարվա ընթացքում մեր հանրության շրջանում  հուզական վիճակների կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, անըդհատ հարվածներ ենք ստանում:

«Մեկ հուսադրվում են մարդիկ ինչ-որ խոստումներից, մեկ հուսալքվում են, հետո՝ այնպիսի մի ինֆորմացիա, որից մարդիկ ցնցվում են, էլ չեմ ասում, որ եկանք հասանք այս աղետալի պատերազմին՝ աղետալի կորուստներին՝ զոհեր, գերիներ, որոնց հարցը չի լուծվում, հայրենիքի կորուստ, սրանք անընդհատ հարվածներ են, որոնք շշմեցնում են մարդկանց: Մարդը որ խորը հիասթափություն է ապրում, մեծ ոգևորությունից հետո, ինչ-որ ժամանակ է պետք, որ մարդու հուզական իներտ աշխարհը փոխվի: Այս իներցիան չի հասցնում մեզ ինչ-որ կետի հասցնել, մեկ էլ նոր հարված ենք ստանում: Մենք այդ շրջապտույտի մեջ ենք, չենք հասցնում սթափվել, ինչքան էլ կողքից ասեն՝ սթափվիր»,- ասաց հոգեբանը:

Նրա կարծիքով՝  սա է նաև պատճառը, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս:

«Երբ նախկինում մի զինվորի քթից արյուն էր գալիս, աղմուկ էր բարձրանում, անպայման առաջին դեմքն էր մեղավոր դրա համար, հիմա տեսեք՝ ինչ աղետի մեջ ենք, իսկապես արյան գետեր են հոսել ու հոսում են, հայրենիք ենք կորցնում, ու մարդիկ չեն արձագանքում: Սա նախ այդ հարվածների արագությունից է, որ անընդհատ ինչ-որ բան է տեղի ունենում, բացի դրանից, երբ այսպիսի վիճակում են հայտնվում մարդիկ, իրենք դառնում են եսակենտրոն: Կենցաղն էլ է դժվարացել: Ամեն մեկն ինքն իր գլուխը փրկելու, պահելու մասին է մտածում, դրա դրսևորումներից մեկն էլ օդանավակայանում տիրող իրավիճակն է»,- ասաց Նաչաջյանը:

Հոգեբանի կարծիքով՝  կուտակված էմոցիաները կարող են «պայթել» աննշան թվացող իրադարձությունից հետո:

«Երկու ուղղվածություն եմ տեսնում այդ աշխատանքում: Առաջինը՝ մեր ժողովրդի, հասարակության նպատակադրված վիկտիմիզացիան է՝ այսինքն՝ զոհ դարձնելը, ավելին՝ ես կրկնակի վիկտիմիզացիայի մասին կխոսեի, մենք ֆիզիկապես այսքան զոհեր ունենք, չես կարող քեզ զոհ չզգալ, բայց հիմա, երբ մեզ ասում են՝ ռևանշ չի կարելի, Ալիևի բառերն օգտագործելով, երբ ասում են՝ թուրքի հետ առևտուր արեք, իրար հետ կապրեք, մեզ ուզում են հոգեբանորեն այնպես ճնշել, որ մենք ոտքի չկանգնենք: Զոհի էլ տարբեր տեսակներ կան, զոհ կա, որ ոտքի է կանգնում, վրեժխնդիր է  լինում, մեզ ուզում են դարձնել թշվառ, խեղճ ու կրակ զոհ, թուրքի առաջ կռացած, ասում են՝ ձեզ խելոք պահեք, լավ կլինի, բայց դա մեծագույն խաբեություն է: Մյուս գիծը հակառուսականացման ներարկումն է»,- ասաց հոգեբանը և նշեց, որ որքան ագրեսորի առջև զոհը խեղճանում է, ագրեսորն այնքան լկտիանում է, և թշնամական քարոզչամեքենան շարունակում է աշխատել մեր դեմ:

Տեսանյութեր

Լրահոս