«Կառավարությունից չեն գալիս, խնդիրներին չեն ծանոթանում, որ ժողովուրդն էլ հասկանա, որ անտեր չէ». Շիկահողի գյուղապետ

Ադրբեջանցիները հիմա էլ կրակում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո սահմանամերձ դարձած Շիկահող գյուղում կրակոցներ պարբերաբար են լսվում: Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իրավացի էր, երբ անցած շաբաթ ահազանգել էր, որ Կապան համայնքի սահմանամերձ դարձած գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ հարբած վիճակում: Թաթոյանը նշել էր, որ նման ահազանգեր ստանում էին դեռ 2021թ. հունվարի սկզբից:

«Անկանոն կրակոցներ են լինում, գյուղամեջից լսվում է, հատկապես երեկոյան, գիշերվա ժամերին, մի քանի օր է՝ ձայն չկա, բայց հատկապես անցած ամիս կրակոցները շատ էին: Չեմ կարող ասել, որ գյուղի ուղղությամբ են կրակում, բայց սահմաններին կրակում են, որը բավականին ազդում է մարդկանց վրա, վախենում են, խնդիրներ են առաջանում: Հիմա շատ է շրջանառվում, որ ՄԻՊ-ը սխալ ինֆորմացիա է տվել, ստել է, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ նման դեպքեր եղել են: Հնարավոր է, որ մի քանի օր հետո է բարձրաձայնվել խնդիրը, հնարավոր է, որ կոնկրետ իր գրած օրը չի եղել կրակոց, բայց նման դեպքեր լինում են, պարբերաբար կրակոցներ լսում ենք, կարող է՝ մի գյուղում չի լսվում, մյուս գյուղում լսվում է, ներքևի գյուղում ավելի շատ է լսվում: Արման Թաթոյանը սխալ չի ասել, չի խաբել, իրականությունն է ներկայացրել, վտանգներն է ներկայացրել: Մարդը մտածում է մեր մասին»,- ասաց Ղազարյանը:

Հարցին, թե ի՞նչ անհանգստություններ են առաջացնում գյուղի բնակիչների շրջանում այդ կրակոցները, Շիկահողի ղեկավարը պատասխանեց, որ մարդիկ սկսել են զգուշանալ իրենց երեխաների համար:

«Այսօր էլ եմ ներկայացրել համայնքապետարանին, որ այս անկանոն և անկայուն վիճակի պատճառով արդեն երեխաների ծնողները, տատիկ-պապիկները չեն ցանկանում, որ երեխաները գյուղ գան: Մենք չգիտենք՝ ինչի՞ սպասել, և ի՞նչ է լինելու, շատ անորոշ վիճակ է, որը շարունակվում է, չգիտենք, թե մինչև ե՞րբ»,- ասաց Ղազարյանը:

Իսկ կա՞ն մարդիկ, որոնք գյուղից գնալու ցանկություն ունեն:

«Տարեցները չէ, մեծերը չէ, բայց երեխաների ծնողները, մանկահասակների ծնողները մտածում են այդ ուղղությամբ, ունենք բազմազավակ ընտանիքներ, օրինակ՝ մեկն ունի 3 երեխա, այդ անձը մտածում է գնալու մասին: Ասում է՝ այս պահին մի քիչ անհարմար է, բայց մտածում եմ էդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, չենք ուզում տպավորություն ստեղծվի, թե գնում ենք, բայց մարդկանց մեջ վախ կա, ես էլ չեմ կարողանում որևէ կերպ երաշխավորել, որ ամեն բան լավ կլինի: Շատ ժամանակ ինձ են հարցնում, իսկ ես պատասխաններ չունեմ, չգիտեմ՝ ի՞նչ ասել, մարդիկ ինչի՞ սպասեն, չեմ կարողանում հստակ ասել, պատասխանել՝ մնա՞ն, թե՞ գնան, ճիշտ կլինի այդ հարցերին Կառավարությունը պատասխանի, որը ներկա պահին ոչ մի բանով չի հետաքրքրվում»,- ասաց Ղազարյանը:

Գյուղապետի պնդմամբ՝ Սյունիքի մարզը գրեթե մենակ է մնացել իր խնդիրների հետ:

«Ստացվում է, որ ներկա պահին մեր խնդիրների մասին մտածում է միայն ՄԻՊ-ը և մենք՝ համայնքը, մարզը: Սահմանամերձ գյուղ ենք համարվում, պատերազմի դադարից մինչև այսօր չկա մեկը Կառավարության կողմից, որ այցելի, փորձեն ժողովրդի հետ խոսել: Ի վերջո, մարդիկ սթրես են ապրել 3 ամիս շարունակ, կարելի է ասել, որ շարունակում ենք նույն սթրեսներով ապրել, իհարկե, համեմատաբար լարված չէ իրավիճակը, ինչպես պատերազմի օրերին էր, բայց անորոշությունը շատ է՝ հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում, մի կողմից՝ ճանապարհի խնդիրն է, մյուս կողմից՝ սահմանին կանգնած թշնամու: Չկան, չեն գալիս, չեն խոսում ժողովրդի հետ, որ ժողովուրդն էլ հասկանա, որ անտեր չէ, իրենց մասին հետաքրքրվող կա, մեր մասին մտածող կա, խնդիրներին չեն ծանոթանում»,- ասաց Ղազարյանը:

Նա մանրամասնեց, որ  գյուղը զրկվել է եկամտի աղբյուրներից, հետևաբար՝ մարդիկ էլ՝ ֆինանսական միջոցներից:

«Շիկահող գյուղի ապրելու միջոցը տուրիզմն էր և անասնապահությունը, այսօրվա դրությամբ և՛ տուրիզմը, և՛ անասնապահությունը մեզ մոտ կաթվածահար վիճակում են: Տարեկան այցելում էին 1500-2000 զբոսաշրջիկ, գյուղացիները կարողանում էին ինչ-որ չափով իրենց բերք ու բարիքը վաճառել, գյուղում 5 տուն ունենք, որոնք ծառայում են՝ որպես հյուրատուն, ինչ-որ տեղ սա էր եկամտի աղբյուր, մյուս կողմից՝ անասնապահության ոլորտը, խոշոր եղջերավորներ ունենք, մանր կճղակավորներ ունենք, բայց այս պահին արոտավայրերը լրիվ անմիջապես սահմանակից են, անասունները հիմնականում գյուղի ներսում են, այս պահին էլ գյուղում են: Մեր եկամտի աղբյուրն այս վիճակում է: Այս խնդիրների մասին եմ ասում, որ գոնե այսքանից հետո գան, հետաքրքրվեն՝ ինչո՞վ ենք ապրում ու ինչո՞վ ենք ապրելու, չէ՞ որ գյուղացուն գյուղում անասնապահությունն է պահում, գյուղատնտեսությունն է պահում, այսօրվա դրությամբ դա էլ է խնդիր: Արոտավայրերը գտնվում են տարբեր հեռավորությունների վրա, մեկ կիլոմետրից սկսած արդեն կան, բայց մի կիլոմետրից այն կողմ արդեն կանգնած է թշնամին: Թշնամու եզրագիծն էլ շատ խառն է, այնպես չէ, որ մի գծով է ծայրից ծայր, որ մենք էլ իմանանք՝ որ մասում է, մի տեղ կա՝ 300 մետր է հեռավորությունը, մի տեղ կա՝ 1 կմ է, տեղ կա՝ ընդհանրապես հեռավորություն չկա, իրենց հողից մեր հող մի քայլ է»,- ասաց Ղազարյանը:

Գյուղապետի խոսքով՝ Հայաստանի սահմանի Շիկահողի հատվածը դեռ շարունակում են հսկել ԵԿՄ անդամներն և հատուկջոկատայինները, կանոնավոր բանակ դեռ չի բերվել:

«Դեռ սահմանագիծն էլ հստակ չէ, մենք չգիտենք՝ վերջնակա՞ն է, թե՞ վերջնական չէ: Ոչ մի բանից տեղյակ չենք, այնքան որ, ամեն օր Աստծո հույսով ապրում ենք: Այս է իրավիճակը, ոչինչ կանխատեսել չենք կարող»,- ասաց Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս