«Թատրոնն էկրանին». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը սկսում է նոր նախագիծ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին, արվեստագետներին՝ բացահայտելով մինչ օրս թատերական կյանքի անհայտ էջերն ու շերտերը:
««Թատրոնն էկրանին» ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի նաև թվայնացնել արխիվը. կստեղծվի թատրոնի ներկայացումներից կազմված տեսադարան: Յուրօրինակ ձևի մեջ որոշակի լուծում կտրվի կորոնաժամանակների հարկադիր մշակութային դադարին, ինչպես նաև հնարավորություն կտրվի վիրտուալ հարթակում դառնալ առավել արհեստավարժ, գործուն և հետաքրքիր՝ համացանցում մեծացնելով տեսանելիությունը։
Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում խաղարկային տարբերակով կուսուցանվի թատրոնի պատմությունը՝ այդկերպ իրագործելով նաև ծրագրի կրթամշակութային բաղադրիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թատրոնն իր «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ատաջին ֆիլմը կցուցադրվի հունվարի 31-ին։
«Թատրոնն էկրանին» ծրագրի ֆիլմերը, բացի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից, կցուցադրվեն նաև «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ: