«Սա քաղաքական հետապնդման ենթատեքստ ունի». Արայիկ Պապիկյանը՝ Վահան Բադասյանի ձերբակալության մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 28-ին ձերբակալել էր «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին։

Այնուհետև ԱԱԾ-ն  նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր.

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:

168.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ առերևույթ թվում է, թե այս գործընթացը տեղի է ունենում իրավաբանության տիրույթում, սակայն նա կարծում է, Վահան Բադասյանն էլ է նման համոզմունք հայտնել, որ այս հետապնդումը քաղաքական ենթատեքս ունի։

«Սա քաղաքական հետապնդման ենթատեքստ ունի, թեև ձևի առումով իրաբանություն է։ Պարոն Բադասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանության զավթում, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, որն ինքը չի ընդունել, այդ մասին նա հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Կարծում եմ՝ այդ մեղադրանքը չի վերաբերում պարոն Բադասյանի որևէ գործողության, այդ թվում՝ իր կողմից լրատվամիջոցների հետ զրույցում հնչեցրած մտքերին»,- նշեց Արայիկ Պապիկյանը։

Ըստ նրա, Վահան Բադասյանի հետ առանձին զրուցել է, սակայն այդ զրույցից մանրամասներ չի կարող փոխանցել. «Հուսով եմ՝ դատարանը օբյեկտիվ ու արդար քննության արդյունքում ճիշտ որոշում կկայացնի, և պարոն Բադասյանը կպատասխանի բոլոր հարցերին, և կասի, թե ինչու են հետպանդում հենց իրեն, թեև չի էլ կասկածում, որ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում»,- շեշտեց նա։

Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննելու է այսօր, ժամը 18։30-ին։

Տեսանյութեր

Լրահոս