Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինկենը։
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի:
Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: