ԱՄՆ քաղաքականության որոշ նոր նրբերանգները կփոխեն զարգացումների ընթացքը Ղարաբաղյան գոտում․ վերլուծաբան

«Կարծում եմ՝ առավելագույն արդյունքը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ԱՄՆ հնարավոր ներգրավմանն ու դրա արդյունքներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենն օրերս անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ԱՄՆ հնարավոր ներգրավվածությանը։ Նրա խոսքից կարելի էր ենթադրել, որ նախատեսվում են ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ և որոշակի աջակցություն հայաստանյան դիվանագիտական առաջնահերթություններին և հակամարտության գոտում հումանիտար խնդիրների կարգավորմանը։ Նա նշել էր, որ աջակցում է ԼՂ-ում ականազերծման ջանքերին ԱՄՆ ֆինանսավորմանը։

Բլինկենն ասել է, որ պաշտոնում հաստատման դեպքում մեծանալու է ԱՄՆ ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացին, որը կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումն ու թույլ կտա գտնել հակամարտության կայուն կարգավորում։ Ըստ նրա՝ դա ենթադրում է հավելյալ դիվանագիտական աշխատանք, որը միտված կլինի նաև երրորդ կողմերի հետագա միջամտության կանխմանը։

Հալբախն ասաց, որ այս փուլում նախ պետք է հասկանալ, որ մինչ նշանակումը կամ նշանակումից անմիջապես հետո արտաքին քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաները ծրագրային ելույթ են ունենում, պատասխանում շահագրգիռ գործիչների թիրախային հարցերի, նախանշում իրենց առաջնահերթությունները, սակայն այն, թե ինչ է լինելու իրականում՝ տարբերվելու է ծրագրային ելույթից։

Ըստ նրա՝ անկյունաքարայինն այն է, որ ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը կլինի ներգրավված և ոչ կտրված միջազգային թատերաբեմում ծավալվող իրադարձություններից։ Սա, վերլուծաբանի խոսքով, ենթադրում է աշխատանք բոլոր ուղղություններով։

«Կարծում եմ՝ նախորդ և այս վարչակազմերի արտաքին քաղաքականությունը տարբերվելու է։ Դա զգալի կլինի Մերձավոր Արևելքի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի, Իրանի, Չինաստանի հարցում, ոչ մշտականորեն, սակայն ըստ անհրաժեշտության՝ նաև Հարավային Կովկասի ուղղությամբ։ Պետք է հասկանալ նաև, որ ԱՄՆ-ի համար, եթե փորձենք պարզեցնել, ապա Հարավային Կովկասը՝ իր ներկայումս գլխավոր խնդրով՝ Ղարաբաղյան հակամարտությամբ, կարևոր է՝ որպես ռուսական ազդեցության գոտի, որտեղ նոր դեր է փորձում ստանձնել Թուրքիան։ Եվ ԱՄՆ-ը ելնում է այս ընկալումից, այդ զսպման շրջանակում կկառուցվեն հիմնական շեշտերը տարածաշրջանի հակամարտող երկրների հետ, բնականաբար, թուլացնելով Ադրբեջանի դիվանագիտական դիրքերը, ենթադրվում է, որ կթուլացնեն և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի և Թուրքիայի համար, սա մի ուղղությունն է, որն արտացոլված է թեկնածուի անդրադարձում, բայց ջանքերի ուղղությունները շատ տարբեր կարող են լինել։ Սակայն ԱՄՆ ռեսուրսները ևս անսպառ չեն, ու գլոբալ մոտեցումը գերակշիռ է լինելու»,- ասաց Հալբախը։

Նրա դիտարկումների համաձայն՝ այդ քայլերի արդյունքները դժվար է գնահատել, քանի որ տարածաշրջանում արյունալի պատերազմ է բռնկվել, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության պայմաններում, և պատերազմը դադարեցրել է Ռուսաստանը՝ լուրջ բեկում մտցնելով իրերի դրության հարցում։

«ԱՄՆ-ը լծակների, ազդեցության խնդիր է ունենալու, միմիայն մեկ կողմի հետ շահեր ունենալով՝ հնարավոր չէ ազդել իրավիճակի վրա, միայն ճնշումներով ևս հնարավոր չէ առաջ մղել գործընթացներ։ ԱՄՆ նոր վարչակազմը սկսում է գործել կոնկրետ Հարավային Կովկասում իր համար նոր և բարդ իրավիճակում։ «Իսկ աշխարհում խնդիրները շատ են, ԱՄՆ ակտիվության և գործընթացների առաջմղման համար հարկավոր է լուրջ ռեսուրսի հատկացում։ Հիշենք՝ ինչպես աշխատեց Ռուսաստանը՝ Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե բարձր մակարդակով, թե նախարարների, թե Պաշտպանության նախարարների։ Նման ռեսուրս այս խնդրին ԱՄՆ-ը կարո՞ղ է տրամադրել, վստահ չեմ, այնուամենայնիվ ԱՄՆ քաղաքականության որոշ նոր նրբերանգները կփոխեն զարգացումների ընթացքը։ Կարծում եմ՝ առավելագույն արդյունքը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, այլապես շատերը պատրաստ էին այդ էջը փակել, իսկ արդյունքներից դեռ վաղ է խոսել, քանի որ կարգավիճակի հարցի քննարկման հարցում լուրջ տարաձայնություններ են նկատվում»,- ասաց Հալբախը։

Տեսանյութեր

Լրահոս